Լևոն Անանյանի մահը հիրավի մեծ կորուստ էր Հայաստանի ու Երևանի գրական, մշակութային կյանքում. Տարոն Մարգարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան լուրը:
Աշխատանքային ու գրական գործունեության ընթացքում Լևոն Անանյանն իր զգալի ավանդն է բերել հայ գրականության, հրապարակախոսության ու լրագրության զարգացման գործում: Նա գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ: Լևոն Անանյանի հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ էր, որ հայ ընթերցողը հնարավորություն ունեցավ առաջին անգամ մայրենի լեզվով ընթերցելու համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված էր ուղերձում:
Տարոն Մարգարյանը նշել է, որ Հայաստանի գրողների միությունը Լեւոն Անանյանի ղեկավարության տարիներին համալրվել է բազմաթիվ երիտասարդ շնորհալի ստեղծագործողներով, ովքեր այսօր իրենց կայուն տեղն ունեն հայ գրական ու մշակութային կյանքում: Հարյուրավոր հայ լրագրողներ իրենց մասնագիտական հմտությունները ձեռք են բերել նաև Անանյան մանկավարժի շնորհիվ: «Լևոն Անանյանի մահը հիրավի մեծ կորուստ էր Հայաստանի ու Երևանի գրական, մշակութային կյանքում: Խոր վշտով ցավակցում եմ նրա ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ուղերձում:
Երեւանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: