Քաղաքականություն

Հանրապետության օրվա զորահանդեսին ներկայացված է 7 երկրի արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա

3 րոպեի ընթերցում

Հանրապետության օրվա զորահանդեսին ներկայացված է 7 երկրի արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա

ՀՀ բանակը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին ներկայանում է նոր սպառազինությամբ, համազգեստով ու գաղափարաբանությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

«Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է՝ բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգային տարածքից դուրս, բացառությամբ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել այն, ինչ այսօր կտեսնեք»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ ՀՀ-ն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։

«Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նրա տեղեկատվությամբ՝ զորահանդես-հաշվետվությանը ներկայացված է շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն ու ռազմատեխնիկա։ «Ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է»,-հավելեց Փաշինյանը։

Նա զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը համարեց ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմատեխնիկան, որն, ըստ Փաշինյանի, միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

«ՀՀ կառավարությունը 2022 թվականից սկսած շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ»,-ընդհանրացրեց Վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում