ՀՀ կառավարությունը բնակարանային աջակցության նոր ծրագիր կիրականացնի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի բնակարանային ապահովման հարցում։ Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքը յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանա 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
Եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կստանա հավելյալ 4 միլիոն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով․
- անհատական բնակելի տան կառուցման համար հողամաս ձեռք բերելու
- գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու համար

Ծրագրի իրականացման ընթացակարգը
Դիմումը ներկայացվում է առցանց՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը՝ նշելով անձնական տվյալները, ընտանիքի կազմը, կապի միջոցները և նախընտրելի աջակցության ձևը։
10 աշխատանքային օրվա ընթացքում համակարգն ավտոմատ կստուգի ներկայացված տվյալները և կհաստատի՝ դիմողը շահառու է, թե ոչ։
Շահառու ճանաչվելու դեպքում դիմողը կստանա էլեկտրոնային հավաստագիր, իսկ մերժման դեպքում՝ համապատասխան հիմնավորում։
Դիմումը կարող է մերժվել, եթե անձը՝
- ՀՀ քաղաքացի չէ,
- այլ բնակարանային ծրագրի շահառու է,
- գերազանցում է տարեկան 10 միլիոն դրամ եկամտի շեմը,
- չի ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
- հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր։