Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքն առաջարկում է որոշ ՃՏՊ-ների դեպքերով համաներում կիրառել

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքն առաջարկում է որոշ ՃՏՊ-ների դեպքերով համաներում կիրառել

«Հայաստան» դաշինքն առաջարկում է ճանապարհատրանսպորտային որոշ պատահարների դեպքերով համաներում կիրառել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 9-րդ համար Ագնեսա Խամոյանը նշել է, որ նախաքննական մարմիններում բազմաթիվ գործեր են հարուցված ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով, որոնք չեն հանգեցրել մահվան։

«Մենք առաջարկում ենք բոլոր այդ դեպքերում կիրառել քրեական և վարչական համաներում։ Դա կլուծի կալանավայրերի բեռնաթափման հարցը։ Համաներումը մարդասիրական քայլ է, իսկ Հայաստանում վերջին անգամ համաներում կիրառվել է 2018 թվականին»,-ասել է նա։

Ագնեսա Խամոյանը նշել է նաև, որ 2025 թվականին վարորդական իրավունքից զրկված անձանց թիվը 5435 է, նախկին 700-800-ի փոխարեն։

«Կալանավայրերում այսօր մարդասպանների հետ նստած են մարդիկ, որոնք առանց վարորդական իրավունքի մեքենա են վարել»,-նշել է Խամոյանը։

«Հայաստան» դաշինքի անդամներ Աղվան Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մայիսի 16-ին Վեդիում են։

Նրանք պատասխանել են քաղաքացիներին հուզող հարցերին, ներկայացրել առաջիկա ծրագրերը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հայաստան» դաշինքը, որում ներառված են ՀՅԴ և «ԱռԱջ» կուսակցությունները,  խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։

Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում