1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը սեպտեմբերի 6-ին փոխհամագործակցության հուշագիր ստորագրեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դերենիկ Դումանյանը նշեց, որ Իրաքի առողջապահության նախարարությունը շատ հետաքրքրված է ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ :
«Մեր գործընկերները հետաքրքրված են մեր բժշկական օգնության որակով, մասնավորապես, սրտային վիրաբուժությամբ»,-ասաց նա: Հնարավոր է, որ Իրաքից բժիշկներ ժամանեն Հայաստան վերապատրաստման: «Մենք պայմանավորվել ենք նաւ մեր մասնագիտական խմբերն ուղարկել Իրաք, որպեսզի այնտեղ տեղում թրեյնինգներ անցկացնեն: Մենք մտադիր ենք ստեղծել քույր բուժհիմնարկներ Երեւանում եւ Բաղդադում, որպեսզի նրանք միմյանց հետ անմիջականորեն աշխատեն»,-ասաց նախարարը:
Իրաքի առողջապահության նախարարի խոսքով` համագործակցությունը փորձի փոխանակման նպատակ ունի: «Համագործակցության շրջանակներում Իրաքից Հայաստան կժամանի մասնագիտական խումբ»,-ասաց նա: