Քանի դեռ խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք, պատերազմ չի լինելու. վարչապետ
2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգը, պատերազմ չի լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր արած այն հայտարարությանը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին կարող է լինել աղետաբեր պատերազմ։
«Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասաց վարչապետը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
Այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։