Հասարակական

Հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին ուղերձ են հղել Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները

3 րոպեի ընթերցում

Հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին ուղերձ են հղել Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները

ԾԱՂԿԱՁՈՐ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում այսօր մեկնարկած հայ գրողների համահայկական 5-րդ համաժողովին ուղերձ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձն ընթերցեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: «Դուք նախանձախնդիր ոգով համախմբվել եք հայրենիքում` քննարկելու հայ գրականության առջեւ բարձրացող խնդիրները, զարգացման հեռանկարները եւ այլ հուզող հարցերը:

Մշակույթի այնպիսի ընդարձակ ոլորտ, ինչպիսին գրականությունն է` իր տարբեր ուղություններով, կարեւոր առաքելություն ունի հասարակական կյանքում. պոեզիա, արձակ, թե դրամատուրգիա, հրապարակախոսություն, քննադատություն, թե բարձրավեստ թարգմանություն, հայ գրականությունն ունի մեծ ձեռքբերումներ եւ դարավոր հարուստ ավանդներ, որոնք պետք է շարունակեն ապրել ու զարգանալ` զորացնելու մեր ազգային կյանքը: Հայ գրականությունը հայ կյանքի պատկերն է: Այն ներկայացնում է հայ մարդու միտքը, ձեռքբերումներն ու կորուստները, ուրախություններն ու վշտերը: Այն արտահայտում է մեր ժողովրդի արժեքները, ձգտումներն ու նպատակները` ուղղորդելով միտք ու հոգի: Հայ գրականության հերոսները հավատավոր, ազգասեր եւ հայրենասեր զավակներն են մեջ ժողովրդի: Գրականությունը միշտ առաջատար է եղել եւ վերափոխոխ ուժ:

Բնորոշ է, որ համագումարը ընթանում է «հայ գրականությունը հայոց միջնաբերդն է» գաղափարախոսությամբ: Արեւմտահայերեն, թե արեւելահայերեն` մեր գրականությունը այն ուժերից է, որով միավորվում է մեր ժողովուրդը, սնվում հայրենական հիշատակներով ու սրբություններով եւ նայում լուսավոր իր գալիքին ու հավերժին»,- մասնավորապես նշված էր ուղերձում: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ուղերձն ընթերցեց բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը (Լիբանան): ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը ողջույնից զատ թվարկեց այն ծրագրերը, որ իրականացնում են ՀԳՄ-ի հետ, ու դրանք լինելու են շարունակական:

Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց. «Մենք շատ անելիքներ ունենք հատկապես հիմա, երբ «հարաբերական խաղաղություն, հարաբերական պատերազմ» հասկացությունն արդեն նոր իմաստներ է ձեռք բերում եւ այսօր մեր կողքին մշտապես արյուն է հոսում… Դա պետք է փոխի մեր գրվող բառը, որն, անշուշտ, պետք է օդը մաքրի, խորհուրդ բերի»: Նա կոչ արեց բռունցքվել ու աշխարհին տեղեկացնել իրողությունը, հասնել արդար լուծման, որքան էլ դժվար լինի միջնաբերդի պահպանումը: Հետաքրքիր էին Օշին Քեշիշյանի, Համբիկ Մարտիրոսյանի, Վարանդի, Վարուժան Ոսկանյանի ելույթները եւ առաջարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում