Արամ Ա Կաթողիկոս

Արամ Առաջինը հեռախոսազրույցներ է ունեցել Միջին Արևելքում հայ համայնքների պատասխանատուների հետ

3 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը հեռախոսազրույցներ է ունեցել Միջին Արևելքում հայ համայնքների պատասխանատուների հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Միջին Արևելքում հայ համայնքների անվտանգությունն առաջնահերթ հրամայական է համարում։ Նա  հեռախոսազրույցներ է ունեցել հայ համայնքների պատասխանատուների հետ ու տեղեկացել, որ հայերի շրջանում զոհեր չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«2026 թվականի մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ, որն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել  Իրանում տիրող ներկայիս իրավիճակի և հայ համայնքի մասին։ Տրված տեղեկությունների համաձայն՝ հայ համայնքը մարդկային կորուստ չունի, միայն նյութական թեթև վնասներ է կրել։ Թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակի զարգացումներին, երիտասարդական խմբերը շրջում են հայկական թաղամասերում՝ պատրաստ օգտակար լինել ընտանիքներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ մարտի 3-ին Նորին Սրբությունը նաև կապ է հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ արք. Սարգսյանի հետ։ Նա ևս որոշ տեղեկություններ է փոխանցել տվյալ շրջաններում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ մարդկային զոհեր ու վնասներ չկան։

Կապ է հաստատվել  նաև Քուվեյթի թեմական և համայնքային պատասխանատուների հետ։ Քուվեյթում ևս հայ համայնքը վնաս չի կրել։

«Բնականաբար, բոլոր շրջաններում անապահովության, անորոշության և մտավախության մթնոլորտ է։ Մեր կրթական կառույցները փակ են, դասավանդման գործընթացն առցանց է իրականացվում։ Նորին սրբությունը բոլոր շրջանների պատասխանատուներին հորդորել է առավելագույնս հեռու պահել հայ համայնքը վտանգից և հոգալ համայնքի կարիքները։ Արամ Ա.–ն նաև հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ և ծանոթացել վերջերս Կիպրոսի անգլիական զինվորական կենտրոնի վրա տեղի ունեցած հարձակման մանրամասներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Նշվում է, որ երեկ գիշերը Հայրապետի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչության առցանց հատուկ նիստ  է գումարվել, որի ընթացքում քննարկվել են Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը և հայկական համայնքներին աջակցելու հնարավորությունները։

Շեշտվում է, որ Արամ Առաջինը կշարունակի հետևել տարբեր շրջաններում հայ համայնքների ընդհանուր իրավիճակին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում