Արաղչին արձագանքել է Ֆրանսիայի մեղադրանքներին՝ կապված սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների հետ
2 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիային մեղադրել է «սառնարանները կառավարելու» անկարողության համար այն բանից հետո, երբ Փարիզը մեղադրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հարյուրավոր սուպերմարկետների վրա կիբերհարձակումների մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X-ում գրառման մեջ։
«Ֆրանսիայի կառավարությունը, որը նույնիսկ ի վիճակի չէ կառավարել սառնարանները, առավել ևս՝ լուծել սեփական ժողովրդի բողոքի ցույցերը, իր ձախողումների մեղքը բարդում է ուրիշների վրա», - նշել է նա։
«Այո՛, Իրանը հզոր է։ Սակայն, ի տարբերություն Ֆրանսիայի, մենք մեր հզորությունը չենք դրսևորում Գազայում զանգվածային սպանություններին կամ դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծություններին աջակցելու միջոցով», - հավելել է դիվանագետը։
Նոյեմբերի 10-ին Ֆրանսիան սուպերմարկետների վրա կիբերհարձակումները վերագրել է «Շահիդ Քավեհ»-ին՝ կիբերհարձակումներ իրականացնող մի ստորաբաժանման, որն, ըստ ֆրանսիական կողմի, կապված է ԻՀՊԿ-ի հետ։
Հոկտեմբերի 11-ին և 12-ին հարձակումները թիրախավորել են ավելի քան 700 մանրածախ առևտրի կետերի սառնարանային համակարգերի կառավարման մեխանիզմներն՝ բարձրացնելով ջերմաստիճանը և փչացնելով տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ սնունդ։
Ֆրանսիան հայտնել է, որ հետաքննության արդյունքում հիմքեր կան այս գործողություններն Իրանին վերագրելու համար։
Հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիան իր եվրոպական գործընկերներին կառաջարկի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել իրանական կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել Ֆրանսիայի դեմ իրականացված այս կիբերհարձակման, ինչպես նաև այլ վնասակար կիբերգործողությունների մեջ։
Նոյեմբերի 2-ին էլ հնարավոր կիբերհարձակումների պատճառով խափանվել էր Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի տասնյակ խանութների սառնարանների և սառցարանների աշխատանքը։