4 րոպեի ընթերցում
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 7-ին վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը։
Օդանավակայանում այդ առթիվ տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Իվանկա Տաշևան։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշեց, որ Երևանի և Սոֆիայի միջև չվերթի վերաբացումը շատ կարևոր քայլ է՝ հատկապես հաշվի առնելով այն քաղաքական երկխոսության մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև։
«Մենք ընդամենը ամիսներ առաջ Երևանի և Սոֆիայի միջև շփումները բարձրացրինք ռազմավարական գործընկերության մակարդակի, և այդ առումով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը էական նշանակություն ունի մեր օրակարգում։ Տեսնում ենք, որ վերջին ամիսների ընթացքում արդեն իսկ բավականին մեծացել է Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Բուլղարիա, որը մինչև օրս տեղի էր ունենում մեծապես ցամաքային ճանապարհով։ Կարծում եմ՝ մեր մասնավոր հատվածի արտահանողների համար թռիչքի առկայությունը նաև նոր հնարավորություն է դիտարկելու օդային կարգոյի միջոցով արտահանումների ծավալի մեծացումը, ինչը շատ ավելի արագ կօգնի հասնել դեպի եվրոպական շուկաներ, իսկ Բուլղարիան այսօր մեզ համար հանդիսանում է դարպաս դեպի Եվրամիության շուկա»,-ասաց Կոստանյանը։
Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Իվանկա Տաշևան իր հերթին հույս հայտնեց, որ տվյալ նախաձեռնությունը կզարգանա և կլինի կայուն, քանզի այն շատ կարևոր քայլ է երկու երկրների միջև կապերի բարելավման առումով։
«Մեր երկրներն ունեն գերազանց հարաբերություններ, որոնք պետք է ավելի ամրապնդենք ու զարգացնենք։ Դա վերաբերում է առևտրային հարաբերություններին, էներգետիկային, ինչպես նաև մարդկանց, հատկապես՝ երիտասարդների միջև շփումներին, ինչը շատ կարևոր է։ Կա ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի երկար ցանկ։ Այս հնարավորությունը կարող ենք օգտագործել՝ առաջ շարժվելու և հետագայում կապերը զարգացնելու համար։ Բուլղարիայի կառավարությունը պատրաստ է առաջ գնալ։ «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունները միասին կզարգացնեն այս կապը։ Բարձր ենք գնահատում բոլոր կառույցների մարդկանց գերազանց աշխատանքը, ովքեր ներգրավված են այս գործում»,-ասաց Տաշևան։
ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովն էլ նշեց, որ սա կարևոր քայլ է՝ ուղղված կապերի ամրապնդմանը, ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև Բուլղարիայի և Հայաստանի միջև տնտեսական ու դիվանագիտական կապերի խորացմանը։
«Մեր հիմնական նպատակն է ապահովել, որ այս երթուղին գործի ամբողջ տարվա ընթացքում՝ նպաստելով մեր ժողովուրդների, գործարար համայնքների և հաստատությունների միջև ուղղակի շփումներին։ «GullivAir»-ին և «Bulgaria Air»-ին մաղթում եմ ամենայն հաջողություն, իսկ երկու երկրների բոլոր պետական մարմիններին ու հաստատություններին, որոնք հնարավոր դարձրին այս ուղիղ կապը, հայտնում եմ իմ անկեղծ երախտագիտությունը»,-ավելացրեց Նիկոլա Նիկոլովը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։