Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։