1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության և համայնքի համատեղ սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել երկու կարևոր ճանապարհահատված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, երկու ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը շուրջ 700 մետր է, ծրագրի արժեքը՝ 100 միլիոն դրամ։
Առաջին փողոցը հիմնական ճանապարհը կապում է դպրոցի հետ, իսկ երկրորդը տանում է դեպի գերեզմանատուն։ Ծրագրի շրջանակում, ճանապարհների հիմնանորոգումից բացի, կառուցվել են նաև մայթեր և ջրահեռացման համակարգեր՝ բնակավայրում երթևեկությունն ու հետիոտների տեղաշարժն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու նպատակով։
Ախուրյանի համայնքապետարանից վստահեցնում են նաև, որ աշխատանքները Վահրամաբերդում այսքանով չեն ավարտվում։ Միայն այս տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել նաև «Լենգես» տանող թաղամասի ճանապարհի հիմնանորոգումը։ Կառավարություն-համայնք համագործակցությամբ Վահրամաբերդում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման գործընթացը: