Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։ 

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հաջորդ շաբաթ կայցելի Բուդապեշտ՝ Հունգարիայի իշխանությունների հետ քննարկելու Մոլդովայի Հանրապետության եվրոպական ուղին և ստանալու այդ երկրի աջակցությունը Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցություններում, մասնավորապես՝ բանակցային գլուխների բացման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Բուդապեշտ։ Ես առիթը կօգտագործեմ՝ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելու Մոլդովայի Հանրապետությունում տիրող իրավիճակի և բանակցային գլուխների բացման օգտին բերվող փաստարկների մասին։ Մենք պետք է հետևողականորեն գործենք», - ասել է Գրոսուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ։

Պաշտոնյան ընդգծել է, որ Քիշնևի իշխանությունները պետք է հաշվի առնեն Եվրոպական միության անդամ երկրների ընտրական օրացույցը և ակտիվացնեն երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Մոլդովայում արձանագրված առաջընթացն ու իրողությունները ներկայացնելու նպատակով։

Գրոսուն հավելել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությունն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ եվրոպական մի շարք երկրներում աճում է քաղաքական աջակցությունը սուվերինիստական և ծայրահեղական կուսակցություններին:

Իգոր Գրոսուն նաև ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերի օգտագործման և ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի հետ կապված ռիսկերի վրա՝ նշելով, որ դրանք պետք է հաշվի առնել արևմտյան գործընկերների հետ երկխոսության ընթացքում։

Վերջին տարիներին Հունգարիան ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության գործընթացի առաջխաղացումը բարդացնող հիմնական գործոններից մեկն էր, քանի որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կառավարությունն արգելափակել էր Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկը, իսկ երկու երկրների գործընթացները փոխկապակցված են։ Իրավիճակը փոխվեց 2026 թվականին՝ Բուդապեշտում նոր կառավարության ձևավորումից հետո։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հրաժարվել է նախկին իշխանությունների դիրքորոշումից՝ թույլ տալով անդամ երկրներին հունիսին սկսել Մոլդովայի Հանրապետության հետ բանակցային առաջին գլխի քննարկումը։ Հուլիսին ԵՄ-ն բացեց նաև արտաքին հարաբերություններին վերաբերող բանակցային 6-րդ գլուխը։

Հայերեն

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիան և Ֆրանսիան բարձր տեխնոլոգիաների և տիեզերքի ոլորտներում արդյունավետ համագործակցություն են զարգացնում. BTA

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ. Al Jazeera

Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել