Մարզեր

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

4 րոպեի ընթերցում

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Շիրակի մարզում ընթացքի  մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզում այժմ ընթանում է սուբվենցիոն 39 ծրագիր՝ 15,7 մլրդ դրամ արժողությամբ, որից ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 7,5 մլրդ դրամ։

Զուգահեռաբար կառուցվում և վերանորոգվում է 17 դպրոց՝ ընդհանուր 27 մլրդ 41 մլն 349 հազար դրամ գումարով, ինչպես նաև 9 մանկապարտեզ՝ 3 մլրդ 849 մլն դրամի շրջանակներում։ Առողջապահական ոլորտում իրականացվում է հաստատությունների կառուցման 6 ծրագիր՝ 6 մլրդ 257 մլն դրամ արժեքով, իսկ մարզային սպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը՝ 6 մլրդ 797 մլն դրամով։

Շիրակի մարզում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը՝ նոր ենթակառուցվածքների, բարեկարգ ճանապարհների, նորոգվող դպրոցների ու մանկապարտեզների, առողջապահական և սպորտային օբյեկտների շինարարության ընթացքը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկվել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ոլորտային պատասխանատուները։

«Այս փուլում կարևոր է ոչ միայն արձանագրել, թե որ ծրագիրն ինչ փուլում է, այլև արագ հասկանալ առկա խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։ Պետք է շարունակել այցելությունները շինհրապարակներ, տեղում քննարկել հարցերը համայնքների, կապալառուների, կոմունիկացիաներ անցկացնող մասնագետների հետ և հետևողականորեն զբաղվել աշխատանքների ընթացքը խոչընդոտող խնդիրների լուծմամբ»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ հանձնարարելով բացի գործող վերահսկող հանձնաժողովը ստեղծել նոր հանձնաժողովներ մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, քաղաքաշինության պետական տեսչության պատասխանատուների ներգրավմամբ՝ այցելություններին նոր թափ հաղորդելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մարզպետը նշել է նաև, որ պետք է կարողանան հնարավորինս արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը։ «Եղանակները ցրտելու են, և դա շինարարական աշխատանքների համար լրացուցիչ սահմանափակումներ կարող է առաջացնել։ Հետևաբար, պետք է անել առավելագույնը, որպեսզի աշխատանքները չհապաղեն, պահպանվեն սահմանված ժամկետները, իսկ այն ծրագրերում, որտեղ հնարավոր է, հիմնական շինարարությունն ավարտին հասցվի մինչև եղանակային պայմանների էական վատթարացումը»,-ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ ճանապարհաշինական ծրագրերի ծավալները մարզում նույնպես աննախադեպ են․ իրականացվում է 60 կմ-ից ավելի ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում՝ ընդհանուր 14,3 մլրդ դրամի գումարի շրջանակներում։ Գյումրիում սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 59 փողոց, իսկ վարչապետի հանձնարարությամբ մեկնարկում են նաև Գյումրիի ճանապարհների նորոգման աշխատանքները։ Միաժամանակ ընթացքի մեջ են 2027 թվականին Գյումրիում նախատեսվող 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի հստակեցման աշխատանքները, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող փողոցների տուֆ քարով սալարկման 3 ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում