Մարզեր

Անցնող երկու տարում Շիրակի մարզում վերանորոգվել է 30 դպրոց

3 րոպեի ընթերցում

Անցնող երկու տարում Շիրակի մարզում վերանորոգվել է 30 դպրոց

Անցնող երկու տարում Շիրակի մարզում վերանորոգվել է 30 դպրոց՝ շուրջ 7 մլրդ 837 մլն դրամի ներդրմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ևս 11 նոր դպրոց կառուցվում է հիմքից՝ ավելի քան 24 մլրդ 823 մլն դրամ ընդհանուր արժեքով։

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է այդ դպրոցներից մի քանիսը՝ շնորհավորելու աշակերտներին ու ուսուցիչներին։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին մարզային ղեկավարությունը նախ եղել է Գյումրու թիվ 9 դպրոցում, որը հիմնանորոգվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում (արժեքը՝ 183 մլն 700 հազար դրամ): Նորոգված և նոր գույքով ապահովված կրթօջախն այս տարի ընդունել է 34 առաջին դասարանցու։

Այնուհետև մարզպետն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Այգաբացի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ 168 մլն 889 հազար դրամի շրջանակներում և աշակերտներին դիմավորել ամբողջությամբ նոր գույքով ու լաբորատոր սարքավորումներով։ Մարզային պատասխանատուները եղել են նաև Գյումրու թիվ 18 դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են օրերս: Դավիթ Առուշանյանը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին և հանձնարարել խստորեն վերահսկել շինարարության որակն ու սահմանված ժամկետները։

«Անչափ ոգևորիչ է, որ այս սեպտեմբերի 1-ին նորոգված ու հիմնանորոգված դպրոցների թիվը մի քանի տասնյակով ավելացել է, և մեր դպրոցականները նոր ուսումնական տարին սկսում են բոլորովին նոր, անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից պայմաններում։ Կառավարության դպրոցաշինական ծրագրերի կարևորությունն այս առումով դժվար է գերագնահատել․ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն շենքերի ու ենթակառուցվածքների, այլ առաջին հերթին՝ մեր երեխաների կրթության և երկրի ապագայի մեջ։ Մարզպետի աշխատակազմն ուսումնասիրել է Շիրակի մարզի բոլոր դպրոցների վիճակը, գնահատել առկա խնդիրներն ու առաջնահերթությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքներով դպրոցների վերանորոգումն ու նորերի կառուցումը կիրականացվի փուլային՝ ըստ սահմանված հերթականության և առաջնահերթությունների։ Մեր խնդիրն է հետևողականորեն բարելավել կրթական միջավայրը մարզի բոլոր բնակավայրերում, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա սովորելու անվտանգ, ժամանակակից և արժանապատիվ պայմաններում։ Սա երկարաժամկետ աշխատանք է, և մենք այն շարունակելու ենք հետևողականորեն»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Դավիթ Առուշանյանը։

2026-ին Շիրակի մարզում առաջին դասարան նախնական տվյալներով հաճախել է 2636 երեխա, իսկ աշակերտների ընդհանուր թիվը 31436 է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում