Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության զարգացումն իրականացվում է դեռևս 2025 թվականին մշակված և հավանության արժանացած հայեցակարգի տրամաբանությամբ, ինչի շնորհիվ նշված կառույցում արդեն իսկ իրականացվել են իստիտուցիոնալ բարեփոխումներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

«Այս տարվա փետրվարի 15-ին ՆԳՆ-ում ձևավորվեց միասնական օպերատիվ կառավարման կենտրոնը՝ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հիմքի վրա։ Այս միավորումը մեր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել վտանգավոր տարբեր իրավիճակներում հայտնվելիս մեկ հեռախոսահամարի (112) ահազանգ կատարել՝ ստանալով որակյալ ու արագ արձագանք կամ խորհրդատվություն։ Այդ առումով ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ՝ որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանելով միջազգային ստանդարտը։ Ըստ այդմ՝ զանգերը պետք է սպասարկվեն մինչև 15 վայրկյանում։ Արդեն պարզել ենք, որ զանգերի 67,6 տոկոսը իրականացվել է նշված չափանիշի տրամաբանությամբ։ Կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք 100 տոկոսանոց արդյունքի»,- ասաց Մկրտչյանը։

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորեց «Թեժ գիծ» ծառայության զարգացումը, որն ինքնին, բացի խորհրդատվության տրամադրման միջոց լինելուց, կարևոր է այն առումով, որ կբեռնաթափվեն 112 համարին կատարվող զանգերը, հետևաբար առավել արտակարգ ու արագ արձագանք պահանջող զանգերը շատ ավելի արդյունավետ կսկսեն սպասարկվել։

«Մենք շարունակաբար վերապատրաստում ենք օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին ու ծառայողներին հատկապես հաղորդակցման հմտությունների ուղղությամբ»,- նշեց Մկրտչյանը։

Նա հավելեց, որ Փրկարար ծառայությունում անցյալ տարվանից զուգահեռաբար տեղի են ունեցել կազմակերպական, կազմակերպաիրավական և կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կենտրոնական ապարատի նախկին յոթ վարչությունների փոխարեն այժմ գործում են երեքը։

«Դա ինքնանպատակ չէր և կրճատման խնդիր չկար։ Մենք պարզապես վերացրել ենք կրկնվող ֆունկցիաները, հետևաբար համանման գործառույթները տեղավորել ենք մեկ կառավարման շրջանակում, ինչն առավելագույն չափով բարձրացրել է կառավարման արդյունավետությունը։ Մենք այս տրամաբանությամբ առաջնորդվում ենք նաև Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ուղղությամբ՝ կենտրոնանալով հատկապես կամավորական փրկարարական հենակետերի ձևավորման ու դրանց թվաքանակի ավելացման վրա։ Այս պահին 12 համայնքներում արդեն գործում են նման հենակետեր՝ սպասարկելով 60 բնակավայրերի։ Առաջիկայում կունենանք ևս մեկը»,- տեղեկացրեց Մկրտչյանը։

Նա հավելեց, որ հենակետերի ընդլայնման և ավելացման գործընթացը լինելու է շարունակական, քանի որ դա համարվում է առաջնահերթություն։ ՆԳՆ-ն փորձում է նաև ինստիտուցիոնալ առումով զարգացնել տվյալ ուղղությունը՝ կառույցն օժտելով նոր բաղադրիչներով։ Դա վերաբերում է հատկապես գրավչության բարձրացմանը, աշխատանքի մոտիվացիային, սոցիալական երաշխիքների ապահովմանը։

«Փրկարար կամավորական ջոկատների գործունեությունը պետություն-հասարակություն համագործակցության շատ լավ օրինակ է։ Պետությունն այդ ջոկատներին ու հենակետերին ապահովում է տրանսպորտով և տեխնիկայով, իրականացնում է վերապատրաստումներ, իսկ կամավորական ջոկատներում ընդգրկված քաղաքացիներն իրենց ծառայությունն են մատուցում նախևառաջ իրենց համայնքին՝ ընդգծելով անվտանգության մշակույթ կրող քաղաքացու կերպարը»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

Մկրտչյանի խոսքով՝ նշված ոլորտում վերապատրաստումները նույնպես առաջնահերթություն են, հետևաբար փրկարար ծառայողների կրթությունը ևս իրականացվում է շարունակական կրթության տրամաբանությամբ։ Ըստ այդմ՝ մեկնարկել են միջստորաբաժանումային մրցութային աշխատանքները, որոնց արդյունքում ձևավորվում է առողջ մրցակցության միջավայր։ Ծառայողներն այդ միջոցառման շրջանակում ավելացնում են իրենց հմտություններն ու կարողությունները։

«Մեզ համար շատ կարևոր է նաև Փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությունը, ինչը վերաբերում է թե՛ տրանսպորտային տեխնիկային, թե՛ փրկարարական գործիքներին, թե՛ շենքային ենթակառուցվածքներին։ Մենք ձեռք ենք բերել 18 նոր հրշեջ-փրկարարական տեխնիկա, 6 նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերու մասով ունենք կնքված պայմանագիր։ ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող ծրագրի շրջանակում առաջիկայում կունենանք 10 նոր մեքենաներ։ Նշված փոփոխություններն իրականացնում ենք ժամանակակից և արդիական տեխնիկա ունենալու նպատակով, ուստի ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Այս ոլորտում թե՛ քաղաքաշինության, թե՛ ճանապարհների, թե՛ ենթակառուցվածքների զարգացումները մեզ ստիպում են սեփական տեխնիկան համապատասխանեցնել արդի չափանիշներին»,- մանրամասնեց Մկրտչյանը։

Նա տեղեկացրեց, որ Ստեփանավանում անցյալ տարի շահագործման հանձնվեց Փրկարար ծառայության նոր մասնաշենք, Սևան քաղաքում ավարտվել են Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության հատուկ ջրափրկարարական կայանի կառուցման աշխատանքները, առաջիկայում կավարտվեն Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Մյուս մարզերում ևս կիրականացվեն նման աշխատանքներ։

Անդրադառնալով աղետների ռիսկերի կառավարման ոլորտում վարվող քաղաքականությանը՝ Մկրտչյանը հայտնեց, որ ՆԳՆ-ն առավելապես կենտրոնացած է աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման վրա։ Այդ համատեքստում առավելապես կարևորվում է վաղ ազդարարման համակարգի լիարժեք ձևավորումն ու զարգացումը։

«Վաղ ժամանակահատվածում աղետի ռիսկի հայտնաբերումն ու դրա վրա տարբեր գործիքակազմերով օպերատիվորեն ազդելու կարողությունը թույլ կտան նվազեցնել աղետի հնարավոր բացասական հետևանքները։ Նշեմ, որ մեկնարկել են նաև սեյսմիկ դիտացանցի ամբողջական ու լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները։ Արդյունքում էականորեն կբարձրացվի սեյսմիկ ռիսկերին առնչվող տվյալների ճշգրտությունը, կունենանք սեյսմիկ իրավիճակների վաղ հայտնաբերում, ինչպես նաև ռիսկերի գնահատման արդյունավետության բարձրացում»,- ասաց Մկրտչյանը։    

Հայերեն English

Անչափահասների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը կասեցվել է

Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ. Reuters

Firebird AI-ը միացել է ԱՏՁՄ-ին՝ որպես ռազմավարական անդամ

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան