2 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր հայտարարված պատժամիջոցների արշավը՝ դա անվանելով ամերիկյան ներքին խնդիրներից շեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։
«Այսպես կոչված «տնտեսական D-Day»-ը (խմբ.՝ Նորմանդական դեսանտային գործողություն) շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից․ աննախադեպ պարտք և աճող տոկոսային ծախսեր», - նշել է Արաղչին։
Նա զգուշացրել է, որ «ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտության և իրանցիների թշնամանքի»։
«ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում», - հավելել է նա։
Ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։
Թրամփն Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ՝ նշելով, որ սա կլինի «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։