Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են
2 րոպեի ընթերցում
Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից, դրանցից 16-ում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները, իսկ 5 փողոցում դրանք ամբողջությամբ ավարտվել են։
2026 թվականի համար նախատեսված տնտեսական եվ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված փողոցաշինական սուբվենցիոն ծրագրերը երկուսն են՝ մեկը ներառում է 18, մյուսը՝ 21 փողոց։ Ծրագրի ընդհանուր ներդրումը տեղական բյուջեից կազմում է ավելի քան 4 միլիարդ դրամ: Գումարի շուրջ 60 տոկոսը համայնքի միջոցներն են, իսկ 40 տոկոսը տրամադրվում է պետական բյուջեից՝ համաֆինանսավորման սկզբունքով։
Բոլոր մրցույթներն արդեն կայացած են, և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Միաժամանակ շարունակվում են նախորդ տարվանից մնացած 7 փողոցների աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող բոլոր փողոցներում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ։ Ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև փոխել կոյուղագծերը, ջրահեռացման դիտահորերը։
Համայնքապետարանից նաև տեղեկացնում են, որ խստացվել են կապալառու ընկերությունների նկատմամբ ներկայացվող պահանջները։ Եթե նախկինում երաշխիքային ժամկետը մեկ տարի էր, այժմ այն սահմանվել է երեք տարի։
Համայնքապետարանում վստահեցնում են, որ չնայած աշխատանքների մեծ ծավալին՝ նախատեսված փողոցների հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետներում՝ մինչև 2026 թվականի ավարտը։