Միջազգային

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վառելիք մատակարարել Ղրղզստանին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վառելիք մատակարարել Ղրղզստանին

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղրղզստանին վառելիք մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններից հետո հայտարարել է Ղրղզստանի էներգետիկայի նախարար Ալտինբեկ Ռիսբեկովը։

«Այսօր մենք Ղրղզստանի և Ադրբեջանի միջև հուշագիր ենք ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարման, ինչպես նաև էներգետիկ համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա կառուցել արդյունավետ համագործակցություն նավթամթերքի ոլորտում»,- նշել է Ռիսբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը մշակում են էներգետիկայի ոլորտում ճանապարհային քարտեզ։ Քննարկվում է նաև փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ Վառելիքի մատակարարման ժամկետները, ծավալները և արժեքը դեռևս հայտնի չեն։

Ղրղզստանի կառավարությունն ավելի վաղ բանակցություններ էր սկսել այլընտրանքային աղբյուրներից վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Դիտարկվել են Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից մատակարարումները։ Չինաստանից և Բելառուսից վառելիքի մատակարարումներն արդեն սկսվել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով հուլիսի 30-ին ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու Չոլպոն-Աթայում անցկացվող Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական խորհրդատվական հանդիպմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում