4 րոպեի ընթերցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է, որ մոտ ժամանակներս կկարողանա սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի Ազգային մամուլի ակումբում:
«Անվիճելի է մեկ բան. գոյություն ունի փոխըմբռնման հուշագիր: Եվ այնտեղ ուղղակիորեն նշված է, որ հուշագրի միջուկային մասը կգտնվի հսկողության ներքո: Հսկողությունն իրականացնում է ԱԷՄԳ-ն: Հսկողության իրականացման համար անհրաժեշտ են տեսչական ստուգումներ. այլ ուղի չկա: Տեխնիկական աշխատանքն արդեն սկսված է, և մենք ակնկալում տեսչական ստուգումներն սկսել մոտ ժամանակներս», - Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հունիսի 21-22-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Բյուրգենշտոկում ԱԷՄԳ-ի հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտների նոր տեսչական ստուգումների հարցը:
Գրոսին նաև հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է անհապաղ վերադառնալ Հյուսիսային Կորեա և սկսել աշխատանքը՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում։
«Դա տեխնիկական հարց չէ։ Դա քաղաքական հարց է այն մասին՝ կլինի երկխոսություն թե ոչ։ ԱԷՄԳ-ն, իր հերթին, պատրաստ է անհապաղ ձեռնամուխ լինել աշխատանքի՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում», - նշել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Գրոսին «իսկապես հնարավոր և տեխնիկապես իրագործելի» է համարում ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ նման նախադեպ արդեն եղել է, երբ 2000-ական թվականների սկզբին միջանկյալ համաձայնագրից հետո ԱԷՄԳ-ի տեսուչները վերադարձել են ԿԺԴՀ և մնացել այնտեղ մինչև 2009 թվականը։
«Հուսով եմ՝ կրկին կլինի նման բան», - նշել է նա՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության հետ։
Հունիսի 14-ին ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր հայտարարություն, որտեղ ընդգծվել է, որ «Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»։ Նախարարությունում նաև ընդգծել են, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակն անշրջելի է։
Միևնույն ժամանակ Գրոսին նշել է, որ ԱԷՄԳ-ն հանդես է գալիս միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակումների դեմ և դրանք համարում է միանգամայն անընդունելի։
«Ես բազմիցս հայտարարել եմ՝ թե՛ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում, թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների։ Այդ հարցով ես եղել եմ բացարձակապես հետևողական և հստակ։ Միջուկային օբյեկտների վրա հարձակումներ երբեք չպետք է տեղի ունենան», - ասել է նա լրագրողներին: