Գեղարքունիքում «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը
2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղին հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում մայիսի 13-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցումներն անցկացվել են թիմային մրցակարգով։ Թիմի կազմում ընդգրկվել է նույն դպրոցի 7 աշակերտ, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարն ավարտված է համարվել, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարել են 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվել են: Մարզային փուլին մասնակցության հայտ է ներկայացրել մարզի 53 դպրոցական թիմ՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։ Թիմերի մեծ մասը կարողացել են ավարտել մրցապայքարը, ինչի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը: Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովել են Մարտունու համայնքային ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերին և թիմերի անդամներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր:
Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 29-30-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհահատվածի և անտառային արահետների 5 կիլոմետրանոց հատվածում։