5 րոպեի ընթերցում
Գաստրոէնտերոլոգ Գոհար Սարոյան
Մի քանի օրից Նոր տարին է, իսկ տոնական այս շրջանը, ինչպես ընդունված է, ուղեկցվում է բազմազան ուտեստների, նախուտեստների, ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործմամբ:
Շատ հաճախ այդ ամենը օգտագործվում է միաժամանակ, ինչն էլ զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի, մասնավորապես՝ մարսողական համակարգի համար։ Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների չարաշահումը կարող են առողջական լուրջ ռիսկեր առաջացնել։
Առողջության վրա ամանորյա սննդակարգի ազդեցության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, դասախոս Գոհար Սարոյանի հետ:
Բժիշկը նշեց, որ Ամանորի շրջանում մարսողական տրակտը ենթարկվում է ավելորդ ծանրաբեռնվածության։ Դրա հիմնական պատճառը սննդի ընդունման հաճախականության և չափաբաժինների ավելացումն է, սննդային բալանսի խախտումը, ինչպես նաև սովորականից ավելի ճարպոտ ու ծանր մթերքների օգտագործումը։ Այս ամենը հաճախ զուգորդվում է գազավորված ըմպելիքների մեծ քանակի և ալկոհոլի չարաշահման հետ, ինչը դառնում է ստամոքսաղիքային համակարգի համար լուրջ սթրեսային գործոն։
Խոսելով կանխարգելման մասին՝ մասնագետը շեշտեց, որ տոնական օրերին խիստ սահմանափակումներ կիրառել պետք չէ, քանի որ դրանք նույնպես կարող են սթրես առաջացնել և հակառակ ազդեցությունն ունենալ։ Փոխարենը նա խորհուրդ է տալիս սնվել փոքր չափաբաժիններով և խուսափել միաժամանակ տարբեր տեսակի մթերքների օգտագործումից։ Ըստ բժշկի՝ ցանկալի է տոնական սեղանից յուրաքանչյուր անգամ ընտրել մեկ կամ առավելագույնը երկու ուտեստ և սահմանափակվել դրանցով՝ առանց բոլոր մթերքները միաժամանակ համտեսելու։
«Առավել վտանգավոր են համարվում շատ ճարպոտ մսամթերքները, տապակած ուտեստները, ինչպես նաև աղցանները, որոնք չեն պահպանվում համապատասխան պայմաններում։ Ցանկալի է աղցանները պատրաստել փոքր չափաբաժիններով՝ միայն տվյալ ճաշի համար, քանի որ ամբողջ օրը սենյակային ջերմաստիճանում պահվող սնունդը ենթարկվում է ջերմային և տոքսիկ փոփոխությունների։ Մայոնեզը նպատակահարմար է փոխարինել ցածր յուղայնության թթվասերով կամ հնարավորության դեպքում ընդհանրապես խուսափել դրա օգտագործումից։ Գազավորված ըմպելիքներն ու ալկոհոլը նույնպես պետք է օգտագործել խիստ չափավորված կամ նվազագույնի հասցնել»,- ասաց մասնագետը:
Գաստրոէնտերոլոգը բացատրեց, որ չափից շատ սնունդ օգտագործելիս ստամոքսը գերձգվում է, վնասվում է լորձաթաղանթը, առաջանում է մեխանոռեցեպտորների գրգռվածություն, ինչի հետևանքով դանդաղում է մարսողությունը։ Արդյունքում կարող են ի հայտ գալ ծանրության և փքվածության զգացողություն, այրոց, ռեֆլյուքս և սրտխառնոց։
«Խրոնիկ ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է հատկապես զգոն լինեն։ Սննդային ալերգիաներ կամ անտանելիություններ ունեցող անձինք պետք է ճշտեն հյուրասիրության բաղադրությունը, աղիքների բորբոքային հիվանդությունների դեպքում խուսափեն ալկոհոլից, ընդեղենից, չրերից և այլ գրգռիչ մթերքներից»,- ասաց նա:
Ալկոհոլի օգտագործման հարցում բժիշկը կարևորում է դեղորայք ընդունող անձանց զգուշավորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Իսկ լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց համար ալկոհոլի օգտագործումը պետք է ամբողջությամբ բացառել՝ ներառյալ ալկոհոլ պարունակող կոնֆետները։ Նրանց սննդակարգը պետք է լինի թեթև, հարուստ սպիտակուցներով և բանջարեղենով։
Ամփոփելով զրույցը՝ մասնագետը հիշեցրեց մի շարք պարզ, բայց կարևոր կանոններ, որոնք կարող են օգնել ոչ միայն տոնական օրերին, այլև առօրյայում։ Ըստ նրա՝ օրը պետք է սկսել նախաճաշով, սնվել օրական 3-4 անգամ՝ փոքր չափաբաժիններով, ուտել նստած, ուղիղ դիրքով, խուսափել քնելուց առաջ սնունդ ընդունելուց և ուտելու ընթացքում մեծ քանակով հեղուկներ օգտագործելուց։ Այս պարզ մոտեցումները կարող են զգալիորեն նվազեցնել մարսողական խանգարումների ռիսկը և օգնել առողջ անցկացնել տոնական օրերը։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: