Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ամանորյա սննդակարգի ռիսկերը և անվտանգ սնվելու պարզ կանոնները

5 րոպեի ընթերցում

Գաստրոէնտերոլոգ Գոհար Սարոյան
Գաստրոէնտերոլոգ Գոհար Սարոյան

Մի քանի օրից Նոր տարին է, իսկ տոնական այս շրջանը, ինչպես ընդունված է, ուղեկցվում է բազմազան ուտեստների, նախուտեստների,  ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործմամբ:

Շատ հաճախ այդ ամենը օգտագործվում է միաժամանակ, ինչն էլ զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի, մասնավորապես՝ մարսողական համակարգի համար։ Տոնական օրերի խառը սննդակարգը, երկար և ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքը, ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների չարաշահումը կարող են առողջական լուրջ ռիսկեր առաջացնել։

Առողջության վրա ամանորյա սննդակարգի ազդեցության մասին  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի  հերթական թողարկման շրջանակում  զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, դասախոս Գոհար Սարոյանի հետ:

Բժիշկը նշեց, որ Ամանորի շրջանում մարսողական տրակտը ենթարկվում է ավելորդ ծանրաբեռնվածության։ Դրա հիմնական պատճառը սննդի ընդունման հաճախականության և չափաբաժինների ավելացումն է, սննդային բալանսի խախտումը, ինչպես նաև սովորականից ավելի ճարպոտ ու ծանր մթերքների օգտագործումը։ Այս ամենը հաճախ զուգորդվում է գազավորված ըմպելիքների մեծ քանակի և ալկոհոլի չարաշահման հետ, ինչը դառնում է ստամոքսաղիքային համակարգի համար լուրջ սթրեսային գործոն։

Խոսելով կանխարգելման մասին՝ մասնագետը  շեշտեց, որ տոնական օրերին խիստ սահմանափակումներ կիրառել պետք չէ, քանի որ դրանք նույնպես կարող են սթրես առաջացնել և հակառակ ազդեցությունն ունենալ։ Փոխարենը նա խորհուրդ է տալիս սնվել փոքր չափաբաժիններով և խուսափել միաժամանակ տարբեր տեսակի մթերքների օգտագործումից։ Ըստ բժշկի՝ ցանկալի է տոնական սեղանից յուրաքանչյուր անգամ ընտրել մեկ կամ առավելագույնը երկու ուտեստ և սահմանափակվել դրանցով՝ առանց բոլոր մթերքները միաժամանակ համտեսելու։

«Առավել վտանգավոր են համարվում շատ ճարպոտ մսամթերքները, տապակած ուտեստները, ինչպես նաև աղցանները, որոնք չեն պահպանվում համապատասխան պայմաններում։ Ցանկալի է աղցանները պատրաստել փոքր չափաբաժիններով՝ միայն տվյալ ճաշի համար, քանի որ ամբողջ օրը սենյակային ջերմաստիճանում պահվող սնունդը ենթարկվում է ջերմային և տոքսիկ փոփոխությունների։ Մայոնեզը նպատակահարմար է փոխարինել ցածր յուղայնության թթվասերով կամ հնարավորության դեպքում ընդհանրապես խուսափել դրա օգտագործումից։ Գազավորված ըմպելիքներն ու ալկոհոլը նույնպես պետք է օգտագործել խիստ չափավորված կամ նվազագույնի հասցնել»,- ասաց մասնագետը:

Գաստրոէնտերոլոգը  բացատրեց, որ չափից շատ սնունդ օգտագործելիս ստամոքսը գերձգվում է, վնասվում է լորձաթաղանթը, առաջանում է մեխանոռեցեպտորների գրգռվածություն, ինչի հետևանքով դանդաղում է մարսողությունը։ Արդյունքում կարող են ի հայտ գալ ծանրության և փքվածության զգացողություն, այրոց, ռեֆլյուքս և սրտխառնոց։

«Խրոնիկ ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է հատկապես զգոն լինեն։ Սննդային ալերգիաներ կամ անտանելիություններ ունեցող անձինք պետք է ճշտեն հյուրասիրության բաղադրությունը,  աղիքների բորբոքային հիվանդությունների դեպքում խուսափեն ալկոհոլից, ընդեղենից, չրերից և այլ գրգռիչ մթերքներից»,- ասաց նա:

Ալկոհոլի օգտագործման հարցում բժիշկը կարևորում է դեղորայք ընդունող անձանց զգուշավորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Իսկ լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց համար ալկոհոլի օգտագործումը պետք է ամբողջությամբ բացառել՝ ներառյալ ալկոհոլ պարունակող կոնֆետները։ Նրանց սննդակարգը պետք է լինի թեթև, հարուստ սպիտակուցներով և բանջարեղենով։

Ամփոփելով զրույցը՝ մասնագետը հիշեցրեց  մի շարք պարզ, բայց կարևոր կանոններ, որոնք կարող են օգնել ոչ միայն տոնական օրերին, այլև առօրյայում։ Ըստ նրա՝ օրը պետք է սկսել նախաճաշով, սնվել օրական 3-4 անգամ՝ փոքր չափաբաժիններով, ուտել նստած, ուղիղ դիրքով, խուսափել քնելուց առաջ սնունդ ընդունելուց և ուտելու ընթացքում մեծ քանակով հեղուկներ օգտագործելուց։ Այս պարզ մոտեցումները կարող են զգալիորեն նվազեցնել մարսողական խանգարումների ռիսկը և օգնել առողջ անցկացնել տոնական օրերը։

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:   

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում