Ռուսաստան

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է տարածքային հարցերը քննարկել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով կողմերի միջև մարտի դաշտում առկա շփման գիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ջանքերն առաջընթաց են ապրում՝ առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի շնորհիվ։

«Երբ մենք խոսեցինք տարածքային հարցերի մասին, կարծում եմ՝ նախագահ Զելենսկին հստակեցրեց, որ պատրաստ է նստել նախագահ Պուտինի հետ և քննարկել դրանք, և տարածքային հարցի շուրջ զրույցների սկիզբը շփման գիծն է, որն այժմ կա»,-ասել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ Սպիտակ տանը հյուրընկալել էր Վոլոդիմիր Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին։ Բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել էր, որ տարածքային հարցը կլուծվի Մոսկվայի և Կիևի միջև, սակայն հանդիպման ճշգրիտ ամսաթիվ դեռևս չկա։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում նախատեսված չէ, բայց Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել նրա հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում