Եվրոպա

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկիրը պետք է ամրապնդի պաշտպանությունը․ Moldpres

3 րոպեի ընթերցում

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկիրը պետք է ամրապնդի պաշտպանությունը․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում և համապատասխանի Եվրամիության քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն «Մոլդովա 1» հանրային հեռուստաալիքի եթերում՝ Կոպանկա բնակավայրի մոտ անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո։

Խոսնակը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի ֆոնին, և որ Մոլդովան, որպես հակամարտության մեջ գտնվող երկրի հարևան պետություն, պետք է պատրաստ լինի նման իրավիճակների։

«Մեր անմիջական հարևանությամբ մենք ունենք լայնածավալ պատերազմ՝ բոլոր այն վայրագություններով, որոնք կարող է բերել պատերազմը։ Սա, հավանաբար, ամենասարսափելի պատերազմներից մեկն է, քանի որ մենք տեսնում ենք, թե որքան են զարգացել տեղեկատվական տեխնոլոգիաները և ինչպես է փոխվել պատերազմի դեմքը։ Դժբախտաբար, այս միջադեպերը կրկնվում են», - ասել է Իգոր Գրոսուն։

Միջադեպերի համար նա մեղադրել է Ռուսաստանին։

Անդրադառնալով Կոպանկա բնակավայրի մոտ հայտնաբերված անօդաչու թռչող սարքին՝ Գրոսուն մանրամասնել է, որ այն վտանգ էր ներկայացնում, քանի որ զինված էր պայթուցիկ նյութերով։

Խոսնակը քննադատել է նրանց, ովքեր նման միջադեպերին հեգնանքով են վերաբերվում։

Նրա խոսքով՝ Կոպանկայում տեղի ունեցած միջադեպը Մոլդովայի դեմ պլանավորված գործողություն չէր, այլ Ուկրաինայի դեմ զանգվածային հարձակումների հետևանք։

Խոսնակը նաև շեշտել է, որ դիվանագիտական ​​​​արձագանքները, այդ թվում՝ ՌԴ դեսպանին Արտաքին գործերի նախարարություն կանչելը, պետք է պահպանվեն։

«Ոչ մի գործիք ինքնին բավարար չէ։ Ռուսաստանի դեսպանը պետք է կանչվի ամեն անգամ, քանի որ պետությունը պետք է ցույց տա, որ ունի դիրքորոշում», - ասել է նա։

Միևնույն ժամանակ խոսնակն ընդգծել է Մոլդովայի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու կարևորությունը։

«Եվրոպական ինտեգրման գործընթացում մեր պարտավորություններից մեկը պատժամիջոցներին համապատասխանելն է։ Եթե դուք ցանկանում եք դառնալ Եվրամիության անդամ և լինել այս համայնքի մաս, ապա պետք է համապատասխանեք ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին՝ խոչընդոտելու համար այն տնտեսությունը, որն այժմ աշխատում է պատերազմի համար», - ասել է Իգոր Գրոսուն։

Իգոր Գրոսուն նաև կոչ է արել Ռուսաստանում գտնվող Մոլդովայի քաղաքացիներին խնդիրների դեպքում դիմել հյուպատոսական օգնության և չստորագրել փաստաթղթեր՝ առանց դիվանագիտական ​​ներկայացուցիչների հետ խորհրդակցելու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում