Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

3 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Լիբանանին Սպիտակ տանն այդ երկրի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ. Աունն ԱՄՆ է ժամանել Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև ամիսներ տևած պատերազմից հետո երկարատև խաղաղության հասնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Այն (Լիբանանը) շատ վատ վերաբերմունքի արժանացած վայր և երկիր է, և մենք նրան պատշաճ կերպով վերաբերվենք և կցուցաբերենք այն հարգանքը, որին նա արժանի է։ Մենք շատ ենք օգնելու նրան», - ասել է Թրամփն Աունին, որը հուլիսի 21-ին ավարտել է իր քառօրյա այցը Վաշինգտոն։

Իսրայելի բանակի՝ Լիբանանից դուրս գալու մասին Թրամփը նշել է, որ «նրանք դա անելու գործընթացում են», սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։

Աունը հանդիպման ժամանակ նշել է, որ խաղաղության իր և Թրամփի տեսլականները նույնն են։

«Նախագահ Թրամփի տեսլականը համընկնում է Լիբանանում և տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ իմ տեսլականի հետ, և մենք կկարողանանք դրան հասնել միասին», - ասել է Աունը։

Ժամեր անց Թրամփը հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ՝ նշելով, որ թույլ կտա ամերիկյան ավիափոխադրողներին վերսկսել դեպի Լիբանան ուղիղ չվերթերը՝ ավելի քան 40 տարվա դադարից հետո առաջին անգամ։

«Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին թույլատրել բոլոր ամերիկյան ավիաընկերություններին ուղիղ թռիչքներ կատարել դեպի Լիբանան, որպեսզի ամերիկացիները կարողանան հեշտությամբ այցելել այս գեղեցիկ երկիրը։ Հուսանք՝ այլ երկրներն էլ նույնը կանեն», - հայտարարել է Թրամփը Truth Social հարթակում։

Թրամփի հետ բանակցությունների վերաբերյալ Լիբանանի նախագահական գրասենյակը հայտնել է, որ հանդիպումը վերահաստատել է երկու երկրների միջև պատմական գործընկերությունը և կենտրոնացել Լիբանանի կայունությունն ու բարգավաճումն ամրապնդելու համար անհրաժեշտ անվտանգության, քաղաքական և տնտեսական առաջնահերթությունների վրա։

«Նախագահ Աունը շեշտել է Լիբանանի տարածքից Իսրայելի լիակատար դուրսբերման անհապաղ անհրաժեշտությունն՝ ընդգծելով, որ դա հիմնարար քայլ է կայունության ամրապնդման, Լիբանանի պետությանը սեփական ուժերով իր ինքնիշխանությունը լիովին իրականացնելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև քննարկել են Լիբանանի զինված ուժերին ԱՄՆ աջակցության ամրապնդումը, երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը, տնտեսական վերականգնման և վերակառուցման աջակցությունը, ինչպես նաև Լիբանանում ԱՄՆ ներդրումների խրախուսումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում