Ռուսաստան

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 21-ի գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 58 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ խոցվել է 46 ԱԹՍ, յոթ վայրում գրանցվել են հարվածներ։

Ռուսական ռումբի հարվածից Զապորոժիեում զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է վեց մարդ, հայտնել է մարզային դատախազությունը։

Օդեսայի իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել են երիտասարդ տղամարդ և կին։

Հուլիսի 21-ն Օդեսայում սգո օր է հայտարարվել հուլիսի 20-ի հարվածների հետևանքով 3 զոհի հիշատակին։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 21-ի առավոտյան հարվածել են Խարկովի մարզի Ռայ-Օլենիվկա գյուղին, որի հետևանքով զոհվել է 66-ամյա մեկ կին։

Եվս մեկ կին է զոհվել Խերսոնի կենտրոնական շրջանում ավտոմեքենայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Իսկ Սումիում ԱԹՍ-ների հարձակումները վնասել են ինը հարկանի բնակելի շենք, վիրավորվել է վեց մարդ։ Քաղաքի վրա ռուսական երկրորդ հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել առևտրի կենտրոնում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է գիշերը 209 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին երկրի 10 շրջանում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի վրա։

Սոչիի իշխանությունները հայտարարել են, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ աղջիկ է վիրավորվել։

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ Ռոստովի մարզում անտառային հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։

Վլադիմիրում ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքի բնակարանի մեջ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չեն գրանցվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում