ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները չեն դադարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում հայտարարել է, որ հարվածների 11-րդ օրը դարձյալ թիրախավորել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, ծովային հնարավորությունները, ինչպես նաև ինքնաթիռների հանգարները, անօդաչուների պահեստները և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները։
— U.S. Central Command (@CENTCOM) July 22, 2026
Ըստ CENTCOM-ի՝ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող ավելի քան 30 առևտրային նավի վրա։
«Չնայած իրանական ագրեսիային, Հորմուզի նեղուցը բաց է մնում առևտրային նավերի անցման համար», - պնդել է հրամանատարությունը՝ կրկնելով հուլիսի 21-ի այն հայտարարությունը, որ մայիսի սկզբից CENTCOM-ի ուժերն օժանդակել են մոտ 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցմանը։
Իրանական պետական լրատվամիջոցներն էլ հայտարարել են, որ մայրաքաղաք Թեհրանում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պայթյուններ են լսվել տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թավրիզում, Սիրիկում, Չաբահարում, Կոնարակում և Բուշերում, որտեղ գտնվում է Իրանի միակ ատոմային էլեկտրակայանը։
Իրանն ի պատասխան թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։ Քուվեյթի բանակը հուլիսի 22-ի վաղ առավոտյան հայտնել է, որ իր ՀՕՊ համակարգերը հետ են մղում Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը, տեղեկացնում է BBC-ն։ Բահրեյնը և Հորդանանն էլ հայտնել են, որ հետ են մղել անօդաչուների և հրթիռների հարձակումները։