Մշակույթ

Գագիկ Գինոսյանի ստեղծած ավանդույթները ոչ միայն պահպանվել են, այլև շարունակաբար զարգանում են. «Կարին» համույթը մասնակցեց Կողբ-Վարդավառին

3 րոպեի ընթերցում

Գագիկ Գինոսյանի  ստեղծած ավանդույթները ոչ միայն պահպանվել են, այլև շարունակաբար զարգանում են. «Կարին» համույթը մասնակցեց Կողբ-Վարդավառին

Կողբում կայացած Վարդավառի տոնակատարությանը մասնակցեց նաև «Կարին» ավանդական երգի ու պարի համույթը: Միջոցառման շրջանակում համույթի անդամները տոնակատարության մասնակիցների հետ անցկացրեցին վարպետաց դաս։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանն ասաց, որ բարեբախտաբար հաջողվել է իր հայրիկի՝ Գագիկ Գինոսյանի ստեղծած ավանդույթները պահպանել ու զարգացնել: Դստեր խոսքով՝ հայրը թողել է աշակերտների և համախոհների մեծ թիմ, ովքեր անմիջապես նրա մահից հետո համախմբվեցին և գործը կիսատ չթողեցին։

 

«Ընդհանուր թիմով մենք լծվեցինք ստեղծված բոլոր ավանդույթները պահպանելու, զարգացնելու և շարունակելու գործին։ Մենք կյանքի ենք կոչում Գագիկ Գինոսյանի կողմից շատ սիրված և բազմիցս անցկացված հանրային վարպետաց դասերը։ Կողբում մեր ներկայությունը դրա մասին է վկայում։ Պարերի բաց ուսուցումը մեր գործունեության թիրախային կետերից մեկն է, քանի որ ամենաարագ ճանապարհն է շատ մեծ թվով մարդկանց ծանոթացնելու ավանդական պարերի հետ, հետաքրքրասիրություն առաջացնելու, ինչից հետո մարդիկ ավելի կհետաքրքրվեն իրենց ինքնությամբ: Այդ ճանապարհը կտանի դեպի ինքություն»,- ասաց Անի Գինոսյանը։

Նա տեղեկացրեց, որ «Կարին» համույթի հիմնական կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, նույն կազմն է՝ որոշակի համալրումներով։ Մեծ մասն առնվազն ութ տարվա անդամներ են։ Կան նաև համույթի ներկայացուցիչներ, ովքեր ունեն 10-15 տարվա փորձառություն։ 

«Այս փուլում ամեն ինչ լավ է, բոլորս համախմբված ենք մեկ նպատակի շուրջ՝ ծառայել հայրենիքին մեր ձևով, մեր ճանապարհով։ Այս պահին համույթն ունի 30 անդամ՝ երաժիշտներ, պարողներ, երգողներ։ Մեծ շրջագայություններ այս փուլում դեռ չեն նախագծում։ Ամենայն հավանականությամբ՝ միայն մեր նվագախումբն աշնանը կայցելի Եվրոպա։ Քանի որ մենք թվթվ շատ ենք, Հայաստանից դուրս տեղաշարժերը ֆինանսական տեսանկյունից երբեմն բավականին բարդ են լինում»,- նկատեց նա։

«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ իրենք մոտ օրերս անցկացնելու են իրենց փառատոնը՝ «Գինոսյանական օրերը», որը տեղի կունենա Գյումրիում օգոստոսին 2-3-ին։ Բացի դրանից, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, 20-ամյա ավանդույթի համաձայն, կկազմակերպվի հանրային հերթական վարպետաց բաց դասը։

     

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում