Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Գազայի հատվածի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 7-ի լուսաբացից ի վեր անկլավի մի քանի շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 26 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այսպիսով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում հաստատվել է 105 զոհ և 356 վիրավոր։ Որոշ զոհերի մարմիններ դեռևս փլատակներում են և փողոցներում, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում մոտենալ նրանց։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «սովի խորացման հետ մեկտեղ Գազա օգնության մուտքի խոչընդոտումը նշանակում է ավելի շատ կյանքերի կորուստ»։

Գազայի առողջապահական մարմիններն իրենց հերթին ահազանգում են սննդի, հատկապես մանկական կաթնախառնուրդի լուրջ պակասի մասին։

Մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների մոտ զոհերի ընդհանուր թիվը հասել է 758-ի և վիրավորներինը՝ 5005-ի։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 523-ի, իսկ վիրավորներինը՝ 136 617-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ է գտնվում դեռ մոտ 50 պատանդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում