ԻՀԿ-ի նախարարական համաժողովի հռչակագրի շեշտադրումները հակասում են տարածաշրջանում խաղաղության հաստատման տրամաբանությանը. ՀՀ ԱԳՆ

6 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր հիասթափությունն արտահայտելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը. 

«ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։

ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:

Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։

Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։

Խորը ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով  թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական  մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի:

ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից: 

Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական  հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում