Մամիկոն Ասլանյանն ու Մարիամ Պողոսյանն ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն ընտրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ Տրդատ Սարգսյանի նախագահությամբ անցկացված նիստում նախ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, ապա քննարկվել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է առաջիկա աշխատանքի վերաբերյալ իր տեսլականը։ Նա կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նշել է, որ Մամիկոն Ասլանյանն իր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի թեկնածու է։
Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ անդրանիկ նիստ է գումարել նաև Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը։ Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովը քննարկել և հաստատել է իր աշխատակարգը։
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը։
Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետորեն կիրականացնի իր լիազորությունները։ Նա պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել թեկնածությանը։
Մարիամ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար և ներկայացրել հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը։ Նա նաև պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով իր օրենսդրական գործունեությանը, ոլորտում առկա խնդիրներին և առաջիկա ծրագրերին։
Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։