Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Քննարկվել են LuLu Group International-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և Հայաստանում կազմակերպել B2B ձևաչափով հանդիպում՝ LuLu Group International-ի ներկայացուցիչներին հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին տեղում ծանոթացնելու նպատակով։
LuLu Group International-ը գործում է աշխարհի 22 երկրում՝ կառավարելով ավելի քան 280 հիպերմարկետ և սուպերմարկետ։ Ցանցի հիմնական ներկայությունը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում է։ LuLu Group International-ը կառավարում է նաև LuLu Hypermarket ցանցը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք երկրների շուկաներում։