Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված պաստառների ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

«Հայերը Երկրորդ աշխարհամարտում. հաղթանակ-80» խորագրով ցուցադրությանը ներկայացված է տասը պաստառ, որոնց վրա պատկերված է խորհրդային շրջանի 31 պաստառի լուսապատճեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությունը բացվեց հունիսի 21-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրությունը կամարաշարի ներքո է, քանի որ այնտեղ զետեղված ցուցանմուշներին այցելուները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր պահի։ «Հրապարակ մտնող բոլոր մարդիկ հնարավորություն ունեն հաղորդակցվելու ցուցադրությանը, իսկ այս տարի տոնում ենք հաղթանակի 80-ամյակը և որոշեցինք մեր պահոցների բնօրինակ պաստառների պատճենների միջոցով վերարժևորել այդ կարևոր ու համաշխարհային նշանակության իրադարձությունը և մեր մասնակցությունն այդ իրողությանը»,-ասաց տնօրենն ու կարևորեց այն փաստը, որ բացմանը ներկա են պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ասատուր Բազիյանը, Ներսես Սիմոնյանը։

Նա շնորհակալություն հայտնեց վետերաններին՝ շեշտելով, որ նրանց գործը պատմական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում խաղաղություն հաստատելու առումով, ինչն անգնահատելի արժեք ունի։

Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, որը ցուցադրության տեքստերի հեղինակն է, ընդգծեց, որ հայերն անուրանալի դեր են ունեցել հաղթանակի կերտման գործում, նրանք դիմադրության շարժմանն են մասնակցել, եղել են ազգային ճակատում։ «Այդ են փաստում նաև այն թվերը, որոնք մենք գիտենք։ 600 հազար հայ է մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, իսկ փոքր միութենական հանրապետության համար միայն Հայրենական պատերազմում 500 հազար հայ է մասնակցել, ունեցել ենք 108 Խորհրդային Միության հերոս, որոնցից երկուսը՝ կրկնակի, ունեցել ենք ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող հինգ մարշալ, որոնց անունները ոսկե տառերով են գրվել մեր պատմության էջերում»,-նշեց նա։

Անդրադառնալով պաստառներին՝ Գալստյանն ասաց, որ խորհրդային քաղաքականության մեջ պաստառները շատ կարևոր խոսք են ասել հատկապես պատերազմի ժամանակ։ «Պաստառների ծնունդը սկսվել է 1917 թվականից, Հոկտեմբերյան հեղափոխության, այնուհետև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Պաստառն արվեստի մի ճյուղ էր, որը կարճ բովանդակությամբ կարող էր ազդել դիմացինի վրա։ Պաստառը մարտնչում էր, զենք էր։ Այո՛, զինվորի կողքին առաջին շարքում նաև պաստառն էր։ Պաստառները մարտական ոգի էին հաղորդում զինվորին, ժողովրդին։ Էնգելսն ասել է, որ պաստառն աշխատավոր մարդու էներգիան էր»,-հիշեց Սեդա Գալստյանը։

Նա շեշտեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխարհը ցնցել է Իրակլի Տոիձեի «Մայր հայրենիքը կանչում է» պաստառը, որը ևս ներառված է ցուցադրության մեջ։

Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվում է ավելի քան 400 բնօրինակ պաստառ. 200-ը նվիրված է պատերազմին։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան