Իրան

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից

2 րոպեի ընթերցում

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից

Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ մերձավորարևելյան ԶԼՄ-ների հրապարակումների՝ բանակցությունների դադարեցումը վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած այլ բանակցության։

Հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն իրադրության էսկալացման համար պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ հարվածներին։ Նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ «այդ գործողություններն անհրաժեշտ են եղել որպես ինքնապաշտպանություն»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ասել է, որ իմացել է հարվածների պլանների մասին, և դրանք իր համար անակնկալ չեն եղել։ Թրամփը հույս է հայտնել, որ չնայած ստեղծված իրադրությանը, Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Կիրակի օրը՝ հունիսի 15-ին, Օմանում պլանավորված էր անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում