Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնը մանուկների դատին ներկայացրեց  «Երկարագուլպա Պեպպին» հեքիաթը

4 րոպեի ընթերցում

Գյումրու դրամատիկական թատրոնը մանուկների դատին ներկայացրեց  «Երկարագուլպա Պեպպին» հեքիաթը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անակնկալ էր պատրաստել մանուկ հանդիսատեսի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թատերասերների դատին հանձնվեց Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպին» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն երաժշտական հեքիաթը՝ մեկ գործողությամբ։

Բեմադրությունը՝ Հասմիկ Սուվարյանի, ռեժիսորի ասիստենտ և երաժշտական ձևավորող՝ Տաթև Ժաքյան, նկարչական ձևավորումը՝ Անի Ռաշոյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի, պարերը՝ Գայանե Մանուկյանի։ Պեպպիի դերակատարը թատրոնի երիտասարդ դերասանուհի Սոֆի Սարգսյանն է։

6b042302-6c4a-4927-8045-64a787ae58bd.jpg

 Գորշ ու ձանձրալի քաղաքում մարդիկ ապրում են խիստ կանոնների համաձայն, սակայն այնտեղ հայտնվում է Երկարագուլպա Պեպպին և ամբողջությամբ փոխում քաղաքի միապաղաղ կյանքը։ Իր պայծառ բնավորությամբ ու մանկական անմիջականությամբ նա վարակում է բոլորին։ Պեպպիի շնորհիվ՝ քաղաքում սկսվում են զվարճալի, գունեղ և անկանխատեսելի արկածներ։

32f74c81-41b9-4c8a-b601-571b2035c210.jpg

Ներկայացման մեջ, ինչպես ընդունված է վերջին տարիներին թատրոնում, վաստակաշատ դերասանների կողքին բեմ են բարձրանում նաև երիտասարդները՝ հնարավորություն ստանալով ոչ միայն փորձ ձեռք բերել, այլև վայելել աճեմյանական բեմի ուժն ու զգալ գյումրեցի հանդիսատեսի անկեղծ գնահատականը։ Այս անգամ էլ հանդիսատեսը ոչ միայն լիաթոք ուրախացավ և ընդունեց առաջնախաղը, այլ նաև երկարատև հոտնկայս ծափերով ևս մեկ անգամ շեշտեց մանկական ներկայացումների կարևորությունն ու անհրաժեշտությունը թատրոնի խաղացանկում։

9055ad26-6065-4088-9546-d1488139a552.jpg

Ներկայացման ասելիքը միայն մանուկներին չէր ուղղված. մեծահասակներին էլ կար ուղերձ՝ երազանքներն ու հիշողություններն այս կյանքում ամենակարևոր գանձերն են, որոնց պետք է հավատալ և ամուր պահել։

«Ինքս շատ եմ սիրում մանկական ներկայացումներ խաղալ, և մանուկ հանդիսատեսը ամենակարևոր մասսան է, որի հետ պետք է աշխատել։ Իմ ամենասիրած հեքիաթն էր մանկության տարիներից, ու կարծում եմ՝ անհրաժեշտ էր հանդիսատեսին ծանոթացնել Պեպպիի հետ։ Սա ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների համար է՝ տարիքային սահման չունեցող ներկայացում է։ Կարծում եմ՝ մեծահասակներն էլ այսօր իրենց հետ տուն տանելու բան կունենան. ծնողներին իրենց երազանքների մասին հիշեցնող ներկայացում է, որը նաև շեշտում է՝ ծնողները հաճախ իրենց չիրականացած երազանքները փոխանցում են երեխաներին՝ մոռանալով երեխաների ցանկությունների մասին»,– «Արմենպրես»-ին ասաց ներկայացման բեմադրող-ռեժիսոր Հասմիկ Սուվարյանը։

b0134409-ba0e-4a76-9179-fe0a1ae3ff16.jpg

Մանկական ներկայացումների առկայությունը թատրոնի խաղացանկում կարևորում է նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։ Նա, անկեղծանալով, նշեց, որ այս ներկայացումը իր սիրած մանկական գործերից է, որը նաև մեծահասակներին է ուղղված։

«Բեմադրությունը վստահեցինք մեր թատրոնի շնորհաշատ դերասանուհի Հասմիկ Սուվարյանին՝ տեսնելով, որ իր մեջ հեքիաթ կա, ինչը թույլ է տալիս իրեն շատ ճիշտ խոսել մանուկների հետ։ Սա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Ուրախ եմ, որ Հասմիկի կողքին կանգնեցին նաև այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են հանդես գալիս թատրոնի կազմում։ Տվյալ դեպքում խոսքը նկարչական ձևավորման մասին է՝ նկարիչ Անի Ռաշոյանի։ Համագործակցության արդյունքում ստացանք գունագեղ ներկայացում։ Հասմիկի կողքին է նաև թատրոնի ստեղծագործական խումբը։ Կարծում եմ՝ այս ներկայացումը երկար կմնա թատրոնի խաղացանկում»,– հավելեց Լյուդվիգ Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում