Կիբեռանվտանգության շաբաթ Հայաստանում․ համախմբվելու են ոլորտի 300-ից ավելի մասնագետներ

6 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 14-21-ն անցկացվելու է կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթ, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը նշեց, որ արդեն 4-րդ անգամն են անցկացնում այս համաժողովը, և տարեցտարի ավելանում է մասնակիցների ներգրավվածությունը։ 

«Երբ այս նախաձեռնությունը կյանքի կոչեցինք 4 տարի առաջ, այդ ժամանակ այն մեկ օր էր տևում, այժմ արդեն մեկ շաբաթ ենք նախատեսել, իսկ դա նշանակում է, որ այս միջոցառման նկատմամբ կա հետաքրքրություն, հատկապես մասնավոր-պետական հատված համագործակցություն ձևաչափով։ Ասեմ, որ այս միջոցառումը կարևոր խնդիր է լուծում, առաջինն իրազեկումն է, թե աշխարհն ինչ ուղղությամբ է գնում, ինչ ռիսկեր կան, հաջորդը կարողությունների զարգացումն է»,- ասաց Ներսես Երիցյանը։

Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա հունիսի 14-15-ը Ինժեներական քաղաքում։ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն, CyHub Armenia-ի նախագծերի ղեկավար Մարի Բարսեղյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի տարբեր մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես կգան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Կքննարկվեն ոլորտին առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։

««BSides Yerevan»-ն արդեն 3-րդ տարին ենք անցկացնում։ Այն նպատակաուղղված է համայնքի համախմբմանը։ Մեկ տեղում համախմբվում են ինչպես ոլորտի փորձառու մասնագետները, այնպես էլ սկսնակները, ուսանողները։ Հրավիրել ենք նաև մասնագետների այլ երկրներից, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով, փոխանցել գիտելիքները։ Ասեմ, որ այս տարի շեշտը դնելու ենք արհեստական բանականության, դրանից բխող հնարավոր ռիսկերի վրա»,- ասաց Մարի Բարսեղյանը։  

Կիբեռանվտանգությանը նվիրված շաբաթը կշարունակի «CyberGEN 2025» համաժողովը, որը տեղի կունենա Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը նշեց, որ համաժողովի ընթացքում կլինեն կիբեռանվտանգության ռազմավարական խնդիրներին և ռիսկերի կառավարմանը վերաբերող ելույթներ:

«Համաժողովի հիմնական զեկույցներին զուգահեռ տեղի կունենա գործնական վերապատրաստում (workshop), որտեղ մասնակիցները իրենց համակարգիչներով կարող են մասնակցել հարձակում-պաշտպանություն իրավիճակների ուսումնասիրությանը: Այսինքն՝ տեղում իրական միջավայրում կտրվեն խնդիրներ, իսկ արդեն մասնակիցները գործնականում կփորձեն լուծումներ գտնել։ Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները կաջակցեն»,-ասաց Կոմիտաս Ստեփանյանը։ 

«CyberGEN 2025» համաժողովի շրջանակում կանցկացվի նաև «Bug Bounty» միջոցառումը, որի մանրամասները ներկայացրեց Hexens ընկերության տեղեկատվական անվտանգության ղեկավար Ռուբեն Մուրադյանը։ 

««Bug Bounty»-ն մի պրոցես է, երբ ինֆորմացիոն համակարգեր ունեցողները բերում են իրենց ծրագրային պրոդուկտներն ու առաջարկում են բոլոր ցանկացողներին դրանցում գտնել խոցելիություններ, գտնելու դեպքում ստանալ գումարներ։ Մենք բոլոր մասնագետներին՝ լինեն սկսնակ, թե փորձառու, հրավիրում ենք մասնակցելու»,-ասաց Ռուբեն Մուրադյանը։  

Մասնագետները նշում են, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ակնհայտ է դարձել, որ կիբեռանվտանգությունը մի կողմից թվային տնտեսությանը և հասարակությանը սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից է, մյուս կողմից էլ համապատասխան մասնագետների խիստ պակասն ամբողջ աշխարհում լուրջ մտահոգություն է ցանկացած պետության համար: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին նշեց, որ  կիբեռանվտանգության մասնագետների կրթության և շարունակական զարգացան գործում կարևորվում է համալսարանների դերը։ 

«Ֆրանսիական համալսարանը մեծ ջանքեր է գործադրում կիբեռանվտանգության գիտելիքի պակասը լրացնելու համար: Նոյեմբերից Ֆրանսիայի կառավարության ֆինասնավորմամբ այստեղ իրականացնում ենք կիբեռանվտանգությանն ուղղված ծրագիր, որում ընդգրկված են Հայաստանի առաջատար համալսարանները։ Ոլորտի փորձագետների, մասնագետների միջոցով փորձի փոխանակում է իրականացվում։ Դրանից բացի, ուզում էի նշել, որ մեր համալսարանը տարվա ընթացքում մի քանի անգամ կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացնում, որոնք հասանելի են ինչպես ուսանողների, այնպես էլ ոլորտի մասնագետների համար»,-ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը։

Կիբեռանվտանգության շաբաթին ակնկալվում է 300-ից ավելի մասնագետների մասնակցություն Հայաստանից ու տարբեր երկրներից՝ Իսպանիա, Լեհաստան Չեխիա, Արգենտինա, ԱՄՆ և այլն։ 

Մասնակցությունն անվճար է: 

Հայերեն