Գիտություն

Հայաստանում գործարկվել է սեյսմաերկրադինամիկական կայանների ժամանակակից ցանց

6 րոպեի ընթերցում

Հայաստանում գործարկվել է սեյսմաերկրադինամիկական կայանների ժամանակակից ցանց

Չինաստանի կառավարության անմիջական աջակցությամբ և հայաստանյան գործընկերների գործուն մասնակցությամբ Հայաստանում գործարկված սեյսմաերկրադինամիկական ժամանակակից համակարգը
ունի ռազմավարական նշանակություն՝ ինչպես ՀՀ սեյսմիկ անվտանգության բարձրացման, այնպես էլ գիտական ներուժի զարգացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով ընդունել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը։

 «Այս ծրագիրը բացառիկ է իր մասշտաբներով և նշանակությամբ։ Այն տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության հինգ շրջաններում, համալրված է ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվորեն լուծել մեր տարածքի սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման հետ կապված գիտական և կիրառական բնույթի խնդիրներ։ Դա բավական հիմք է հետագայում երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծման համար», – իր ելույթում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Ակադեմիկոս Սաղյանը հատուկ շեշտեց Գյումրի քաղաքում տեղակայված կենտրոնական սեյսմաերկրադինամիկական կենտրոնի նշանակությունը՝ հիշեցնելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքները և ընդգծելով, որ հենց Գյումրին պետք է դառնա երկրաշարժերի մշտադիտարկման տարածաշրջանային հարթակ։

Նորաստեղծ մոնիթորինգային ցանցը զինված է գերժամանակակից վերլուծական սարքավորումներով՝ ապահովելով երկրաշարժերի ճշգրիտ գրանցում ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Համակարգը հնարավորություն կտա արագ արձագանքել երկրաշարժերին, հավաքագրել արժեքավոր տվյալներ և կատարել միջգիտական վերլուծություններ՝ երկրաշարժագիտության, երկրաբանական, երկրաֆիզիկական և տեխնիկական բնագավառներում։

Ծրագրի իրականացման գործում գործնական աջակցություն են ցուցաբերել ՉԺՀ կառավարությունը, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը, Չինաստանի երկրաշարժերի վարչությունը, Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը, Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեն և ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Հայ-չինական համագործակցությանը բարձր գնահատական է տվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ինչպես նշեց է ԳԱԱ նախագահը, Վահագն Խաչատուրյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ շեշտվել է, որ հայ ժողովուրդը խորապես գիտակցում է երկրաշարժերի ռիսկերի ծանր հետևանքները և նման ծրագրերն ունեն կենսական նշանակություն։

ՀՀ ԳԱԱ նախագահը նկատեց՝ ակնկալվում է, որ սույն համակարգը ոչ միայն արդյունավետ կծառայի Հայաստանի ներքին պահանջներին, այլ նաև կարող է զարգանալ և վերածվել տարածաշրջանային կենտրոնի՝ երկրաշարժերի մոնիտորինգի և կանխագուշակման ոլորտում։

«Մենք չենք բավարարվելու արդեն իրականացվածով։ Մեր ակնկալիքն է՝ այս ցանցը դառնա գիտական առաջատար հարթակ ողջ տարածաշրջանում», – ամփոփեց Սաղյանը։

Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը և Գիտությունների ազգային ակադեմիային ջերմ ընդունելության և երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, գնահատել են ձեռնարկված քայլերն ու արդյունքները։

«Մեծ հարգանքով եմ վերաբերում այն ջանքերին, որ իրականացվել են այս համակարգի ստեղծման ուղղությամբ։ Համոզված եմ, որ հայ-չինական համագործակցությունը՝ մասնավորապես սեյսմիկ անվտանգության ոլորտում, շարունակաբար կխորանա՝ միտված պաշտպանելու մեր ժողովուրդներին աղետների վտանգից»,– ասաց Վանգ Կունը։

Նա նկատեց, որ  Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը երկրաշարժագիտության բնագավառում սկսվել է դեռևս 2019 թվականից։ Այն իրականացվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում՝ կենտրոնանալով գիտական և տեխնիկական լուծումների վրա, որոնք ծառայում են երկրաշարժերի մոնիտորինգի, կանխատեսման և կանխարգելման նպատակներին։

«Երեկ մենք հպարտությամբ բացեցինք Հայաստանում տեղակայված հինգ սեյսմիկ կայանները։ Դրանք հագեցած են բարձրակարգ, նորագույն սենսորային տեխնոլոգիաներով, որոնք ունակ են գրանցելու անգամ ամենաչնչին սեյսմիկ տատանումները», – ընդգծեց Վանգ Կունը։

Տնօրենն ընդգծեց, որ Չինաստանը, լինելով երկրաշարժերի նկատմամբ խիստ զգայուն երկիր, տարիների ընթացքում կուտակել է արժեքավոր փորձ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք պատրաստ է կիսել Հայաստանի Հանրապետության հետ։

Վանգ Կունը հատուկ հրավեր ուղղեց հայ գիտնականներին՝ մասնակցելու Չինաստանում անցկացվելիք առաջիկա գիտաժողովին՝ նշելով, որ նման միջազգային հարթակները հնարավորություն են տալիս փոխանակել նորարարական գաղափարներ և ձևավորել համատեղ գիտական նախագծեր։

Իր ելույթը Վանգ Կունն ավարտեց երախտագիտության խոսքերով՝ ուղղված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, մասնավորապես՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանին, ում գործունեությունը նա բարձր գնահատեց։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև համագործակցության հուշագրի ստորագրում ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև։ Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ասիական սեյսմաբանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Լի Լիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում։ Նա կարևորագույն ներդրում է ունեցել Հայաստանի տարածքում սեյսմակայանների տեղադրման, շահագործման և զարգացման գործընթացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում