Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և քոչարի» կինոնկարը Երևանում ցուցադրվեց հայերեն հնչյունավորմամբ
7 րոպեի ընթերցում
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և քոչարի» Ֆիլմը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին, հիմնված է իրական դեպքերի, իրադարձությունների վրա։ Այն պատմում է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած ընկերների մասին, որոնք արիաբար պայքարում են՝ պաշտպանելով հայրենի տունն ու հողը։ Դաժան պատերազմում հերոսներին ուժ են տալիս ոչ միայն սերն ու նվիրվածությունը հայրենիքի, ընտանիքի հանդեպ, այլև՝ երաժշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի երևանյան պրեմիերան, որին հրավիրված էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, տեղի ունեցավ մայիսի 1-ին «Կինոմոսկվա»-ում։
Կինոնկարի պրոդյուսերներից Ղևոնդ Անդրեասյանը նշում է՝ չեն ցանկացել նկարահանել կանխատեսելի ֆիլմ, քանի որ խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ պատերազմական ֆիլմեր կան։ Մտադրություն չեն ունեցել մրցակցել այդ կինոնկարների հետ, որովհետև յուրաքանչյուր ֆիլմ իր պատմությունը, դրաման ունի, իսկ խորհրդային ֆիլմերի հեղինակներից շատերը պատերազմի անմիջական մասնակից են եղել։
«2016 թվականին, երբ Սարիկի հետ եկանք Երևան, հանդիպեցինք պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի հետ։ Երկար մտածում էինք ֆիլմի մասին։ Սարիկն առաջարկեց անդրադառնալ Հայրենական մեծ պատերազմին, քանի որ մեր 600 հազար պապերը մարտնչել են և, որքան էլ սարսափելի հնչի, նրանցից 300 հազարը չի վերադարձել։ Իմ երկու պապիկներն էլ պատերազմել են։ Նրանցից մեկն անհետ կորել է, իսկ մյուսը վերադարձել է 13 բեկորային վնասվածքով։ Ուզում եմ ասել, որ սա օտար թեմա չէ՝ չնայած Խորհրդային Միության փլուզմանը, երկրների անկախացմանը։ Պատերազմը հավանաբար ամենակարևոր, ամենահուզիչ և անհրաժեշտ թեմաներից է, որի մասին պետք է խոսել, խոսել ընդհանուր հաղթանակի մասին»,-շեշտում է Ղևոնդ Անդրեասյանը։
Թեմայի շուրջ մտորելիս ֆիլմի ստեղծագործական կազմը հիշել է այն պատմությունը, թե ինչպես են հայերը 1945 թվականին քոչարի պարել Բեռլինում՝ Ռայխստագի առջև։ «Եթե դիտեք այդ վավերագրական կադրերը, կտեսնեք, որ զինվորներից մեկը դուդուկ է նվագում, մյուսը՝ զուռնա և այլն։ Հասկանո՞ւմ եք, որ այդ գործիքները հնարավոր չէր գտնել Բեռլինի երաժշտական խանութներում, նշանակում է՝ հայերը Հայաստանից գործիքները հասցրել են Բեռլին, այնինչ պատերազմական շրջանում դա արգելված էր։ Մենք սկսեցինք զարգացնել այդ պատմությունն ու եկանք այն որոշման, որ ֆիլմը պետք է լինի երաժիշտների մասին, որոնք կարծում էին, թե շատ շուտ են տուն վերադառնալու և իրենց հետ տարել էին իրենց գործիքները»,-մանրամասնում է պրոդյուսերը։
Նրա խոսքով՝ այս ֆիլմով ևս մեկ անգամ հիշեցրել են իրենց պապերի հերոսության մասին, հարգել նրանց հիշատակը։
«Վատը մոռացվում է, իսկ հաղթանակների, հերոսությունների մասին պետք է միշտ խոսել, որ մեր երեխաներն իմանան պատմությունը»,-ասում է Անդրեասյանը։
Ղևոնդ, Սարիկ և Արտաշես Անդրեասյանները եղբայրներ են, գործունեություն են ծավալում Ռուսաստանում և աշխատում են միասին։ Ավելի քան հարյուր ֆիլմ են նկարահանել և ցանկանում են հինգ տարին մեկ մի ֆիլմ ստեղծել՝ կապված հայրենիքի՝ Հայաստանի հետ։ Տարիներ առաջ նկարահանեցին «Երկրաշարժ», «Goodbye America» ֆիլմերը։ Նման կինոնկարներ ստեղծելիս շահ չեն հետապնդում, մտածում են, թե որքան գումար կարող են հատկացնել՝ չվախենալով կորցնել։
«Ոչ ոք չի կարող ասել, որ ֆիլմ է նկարահանել պատերազմի մասին և գումար է վաստակել։ Դա միայն արվում է հանուն հիշողության, հարգանքի։ Հինգ տարի հետո ևս մի ֆիլմ կստեղծենք։ Դա մեր առաքելությունն է, եթե չանենք, կստացվի, որ զուր ենք ընտրել այս մասնագիտությունը։ Ուրախացնելը, ժամանց ապահովելը մի բան է, կարևոր հետք թողնելն՝ այլ։ Առանց մեկը մյուսի հնարավոր չէ, քանի որ պետք է գումար վաստակել լավ ֆիլմի համար, ինչը մեր մասնագիտության կարևոր մասն է, և ես հույս ունեմ, որ կշարունակենք այդպես աշխատել»,-նշում է պրոդյուսերը։
Եղբայրներն ամեն տարի ընտանիքների հետ այցելում են Հայաստան, սակայն Սարիկ Անդրեասյանն այս անգամ չէր միացել նրանց, քանի որ սպասում է իր չորրորդ երեխայի ծնվելուն։
Ֆիլմը նկարահանվել է մի քանի տարվա ընթացքում։ Նկարահանումների մեծ մասն իրականացվել է Ռուսաստանում, հետո՝ Հայաստանում։ Հայաստանի դերասանների ընտրությունը կատարել են Ռուբեն Ջաղինյանի աջակցությամբ։ Կինոնկարում նկարահանավել են Դավիթ Մխիթարյանը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին, Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Զեփյուռ Բրուտյանը և ուրիշներ։
Ֆիլմը հայերեն է կրկնօրինակվել «Շարմ հոլդինգ»-ի ստուդիայում։
Կրկնօրինակողներից է Տարոն Իսպիրյանը (Պոնչ), որի համար այդ աշխատանքը խորհրդանշական է, քանի որ առաջին անգամ է ֆիլմի հնչյունավորում կատարել։
«Հայերը մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հասնելու գործում։ Ի դեպ, պապիկս տանկիստ է եղել, և այս ֆիլմում հայերն արժանապատվորեն են ներկայացված։ Ինձ և իմ հերոսին՝ Արտաշին, միավորում էր խառնվածքը. նա բարի աուրա ունի, նույնն էլ իմ մասին են հաճախ ասում։ Իհարկե, բավական բարդ էր սեփական ձայնը լսել էկրանից, բայց, կարծում եմ, ստացվել»,-նշում է Իսպիրյանը։
Կինոնկարի սցենարիստներն են Ալեքսեյ Գրավիցկին, Սերգեյ Վոլկովը,
օպերատորն Անատոլի Սիմչենկոն է, կոմպոզիտորներն են Արտաշես Անդրեասյանը, Մանուկ Ղազարյանը, Էդգար Հակոբյանը, մոնտաժը՝ Գեորգի Իսահակյանի, պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Ռուբեն Ջաղինյանը։
«Պատերազմ և քոչարի» կինոնկարը ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում։ Այն հնարավոր կլինի դիտել նաև ՀՀ մարզերում։
Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի