Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սեպտեմբերի 5-ի կեսգիշերից երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Կիևում ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների առաջիկա հանդիպումների նախապատրաստմամբ ու անցկացմամբ։
Ուկրաինական կողմը ևս ավելի վաղ հայտարարել էր ամերիկացի ներկայացուցիչների այցի ընթացքում օդային հարվածները դադարեցնելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում Ուկրաինան հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքին՝ նրանց անվտանգ ժամանումն ապահովելու նպատակով։ Նա նաև Ռուսաստանին կոչ էր արել նույն կերպ վարվել ամերիկացի բանակցողների՝ Կիև այցի ընթացքում։
Նրանք Ուկրաինայի մայրաքաղաք պետք է ժամանեն Մոսկվայում բանակցություններից հետո։
Ավելի վաղ ամերիկյան կողմը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել էր Ուիթքոֆի ու Քուշների այցերի ընթացքում ժամանակավորապես դադարեցնել համապատասխանաբար Կիևին և Մոսկվային հասցվող հարվածները։