Հայաստան

Գրանցված շուրջ 200 պահնորդական կազմակերպություններից իրականում միայն 20-30-ն են գործունեություն ծավալում․ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Գրանցված շուրջ 200 պահնորդական կազմակերպություններից իրականում միայն 20-30-ն են գործունեություն ծավալում․ փոխնախարար

Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, վերահսկելիությունը և սահմանել հստակ գործիքակազմ՝ պետական վերահսկողության արդյունավետ իրականացման համար։

Նիստի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնության հիմնավորումները՝ նշելով, որ գործող օրենսդրությունը, որն ընդունվել է դեռևս 2012 թվականին, չի ենթարկվել փոփոխությունների և այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

«Ունենք գրանցված շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, սակայն դրանցից միայն 20-30-ն են իրականում գործունեություն ծավալում։ Մնացածի վերաբերյալ հարցեր են առաջանում՝ հատկապես ինչ նպատակներով են դրանք գրանցվել։ Տպավորություն է, որ որոշ կազմակերպություններ ստեղծվում են զուտ անձնական շահերի սպասարկման համար, օրինակ՝ պահնորդ գրանցելու և նրան զենք տրամադրելու նպատակով»,- նշեց Մկրտչյանը։

Նա նաև ընդգծեց, որ գործող օրենսդրությամբ պետական վերահսկողությունը դժվար է իրականացնել՝ չկան բավարար գործիքներ ծառայության պատշաճությունը գնահատելու և վերահսկելու համար։ Նշվեց նաև, որ հաճախ տեղի են ունենում չարաշահումներ, օրինակ՝ թիկնապահների ավելորդ ներգրավում կամ երկրորդ տրանսպորտային միջոցների օգտագործում, ինչը կարող է սպառնալիք լինել հանրային անվտանգության համար։

Փոխնախարարը հավելեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված պետական տուրքը՝ 500 հազար դրամ, չի արտահայտում գործունեության լրջությունը և անհրաժեշտ է վերանայել նաև այս բաղադրիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում