Հայաստան

Հակոբ Արշակյանը ՌԴ-ում անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության, սահմանային կայունության և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին

3 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ՌԴ-ում անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության, սահմանային կայունության և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին

Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 22-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստը, որի ընթացքում անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել և հաստատել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր: Լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:

Նրա խոսքով՝ հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ ուժի կիրառման և թշնամանքի բացառումը:

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլևս չեն զոհվում մարդիկ, ինչը կարևոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության և փոխադարձ վստահության ամրապնդման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ վաշինգտոնյան հռչակագիրը սկիզբ է դրել նաև TRIPP տրանսպորտային հաղորդակցության նախագծին, որը Հայաստանում իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների լիարժեք պահպանմամբ:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ հաղորդակցությունների լիարժեք բացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առևտրի ընդլայնման, տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների խթանման, լոգիստիկ, արդյունաբերական, զբոսաշրջային ոլորտների զարգացման համար:

«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար, ձևավորելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել է նա:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղության և տարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջմղումը:

 

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում