ՀՀ ԱԺ փոխնախագահն այցելել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է Նշան և Աիդա Կարայանների անվան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ (ACT):
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, մինչ ուսանողների հետ հանդիպելը՝ Հակոբ Արշակյանը քոլեջի տնօրեն Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունում, ծանոթացել սաների համար ստեղծված կրթական նորագույն պայմաններին:

Այնուհետեւ քոլեջի դահլիճում կայացել է Հակոբ Արշակյանի հանդիպումը կրթօջախի ղեկավար կազմի և ուսանողների հետ: Երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:
ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ ցանկացած բնագավառում հաջողության գրավականը ստեղծարար և ազատ մտածողությունն է: Այս համատեքստում նա կարևորել է այն փաստը, որ այս կրթօջախում երիտասարդները ստանում են ստեղծարար ունակություններ ձեւավորող գիտելիքներ:
Հակոբ Արշակյանը հորդորել է երիտասարդներին գնալ իրենց նպատակի հետեւից, ստեղծելով հավելյալ արժեք՝ օգտակար լինել հանրությանը և կյանքում հասնել հաջողության:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, արդյունաբերական հեղափոխության հիմքերին, ծրագրավորման ոլորտում արձանագրված ձեռքբերումներին և այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հարցուպատասխանի ձեւաչափում խոսել է նաև Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների գործունեության, բուհական կրթության կարեւորության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունների և ոլորտային այլ խնդիրների մասին: