Քաղաքականություն

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

4 րոպեի ընթերցում

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հունիսի 5-ին «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները Կարապի լճի մոտ անցկացրին վերջին՝ «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան։

Ըստ նրանց՝ անցնող տարիներին բոլոր քաղաքական ուժերն իրենց տարողունակության չափով լցրել են ժողովրդի համբերության բաժակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի շրջանակում նրանք մեծ բաժակի մեջ դույլերով ջուր լցրին, այնուհետև շուռ տվեցին բաժակը, որպեսզի ջուրը թափվի։

Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի խոսքով՝ ինքն ուրախ է, որ իրենց հաջողվել է փոխել, կոտրել քարոզարշավի ընդհանուր մաղձը, ատելության խոսքը, փոխադարձ վիրավորանքներն ու մարդկանց ժպիտ պարգևել, զուգահեռաբար տեղեկացնել իրենց ծրագրերի մասին։

«Կարծում էինք, որ մեր ընտրողը պետք է լինի երիտասարդությունը, այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն գտել այն մարդկանց, որոնց կցանկանային իրենց ձայնը տալ, բայց պարզվեց, որ մենք մեծ թվով ընտրողներ ունենք և՛ տարեցների, և՛ միջին տարիքի մարդկանց շրջանում։ Մենք կարողացել ենք հասնել ոչ միայն մարդկանց սրտերին, այլև մեր գաղափարը մարդկանց համար եղել է հասկանալի, ընդունելի, ցանկալի, և մենք պատրաստ ենք շարունակել մեր քաղաքական պրոցեսները»,-ասաց նա։

Կարապետյանցը հավելեց՝ ընտրություններից հետո շարունակելու են իրենց քաղաքական գործունեությունը, ներկայացնելու են նոր ծրագրեր, նոր նախագծեր, ավելի երկարատև։ «Նրանք, ովքեր մտածում են, որ մենք հարյուր օրով ենք գալիս կամ նեղվում են այն մտքից, որ մենք կարող ենք մանդատները վայր դնել, թող չնեղվեն, քանի որ մենք մնալու ենք դաշտում և ներկայացնելու ենք ավելի ծավալուն և բովանդակային նախագծեր, սակայն կուսակցությունը կլուծարվի»,-նշեց նա և ընդգծեց՝ ընտրություններից հետո կմանրամասնեն, թե ինչ շարունակություն կունենա այդ ամենը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար ի սկզբանե գրանցվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն «Ալյանս» կուսակցության դիմումի հիման վրա ԿԸՀ-ն չեղարկել է կուսակցության գրանցումը, հետևաբար ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 87 հոգանոց ցուցակ, սակայն անդամներից շատերը օրեր առաջ ինքնաբացարկ են ներկայացրել։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները (ընտրական օրենսգրքում 3 կոնկրետ փոփոխություն՝ ընտրական անցողիկ շեմի իջեցում, «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի վերականգնում և կայուն մեծամասնության չեղարկում) և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ 

Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում