Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ
2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը քաղաքի տարբեր թաղամասերում հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի տեխնոպարկի մեծ սրահում Եվրադաշինքի և Եվրաքվեի աջակիցներին նախընտրական ծրագիրը ներկայացրեց Լևոն Բարսեղյանը. կանաչապատում, ոռոգման համակարգի կառուցում, «Կումայրի» արգելոցի շինարարական թույլտվությունների մեխանիզմի ստեղծում, համայնքապատկան ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձի բարձրացում, պետական իշխանությունների հետ համագործակցությամբ ՌԴ 102-րդ ռազմաբազայից եկող ռիսկերի չեզոքացում, փողոցների նորոգում և այլն՝ սրանք այն գործողություններն են, որոնք ներկայացված են Եվրադաշինքի ծրագրում: Ի դեպ, նրանք ընտրական քվեաթերթիկում 6-րդ համարն են:
«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիում ապաստան գտած արցախցիների հետ հանդիպումով: Դաշինքը գլխավորող Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ արցախցիների առաջ ծառացած բազմաթիվ հարցեր՝ սոցիալական, աշխատանքային, «Մայր Հայաստան» դաշինքի թիմի ուշադրության կենտրոնում են: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և Արցախի հերոս Կարեն Ջալավյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնական քարոզարշավը սկսեց բակային հանդիպումներով՝ քվեաթերթիկում թիվ 1 համարը ներկայացնող իշխող քաղաքական ուժը՝ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, ծրագիրը ներկայացրեց Երկաթգիծ, Նորավան և Ստոյմաշ թաղամասերում:
«Մեր քաղաքը» դաշինքը քարոզարշավի մեկնարկից առաջ այցելեց Շիրակ պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին: