Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պեսկովի հայտարարությունը։

ՌԴ նախագահի խոսնակն այս կերպ արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ընթացքում արված հայտարարություններին։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, և կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է, և ինքն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։

«Եթե ​​Երևանը այլևս կարիք չունի անդամակցել այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ մինչ օրս Մոսկվան լսել է Հայաստանի ներկայացուցիչների տարբեր մակարդակների հայտարարություններ այն մասին, որ, այո, անդամակցությունը սառեցված է, բայց Հայաստանը առայժմ դուրս գալու ծրագրեր չունի։

Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի այն հայտարարութանը, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում Եվրամիության անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի։

«Այստեղ կա մի շատ կարևոր ասպեկտ, որը մեր ներկայացուցիչները, և հատկապես մեր պետության ղեկավարը, նույնպես քննարկել են։ ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը լայն շրջանակի ոլորտներում՝ առևտուր, բուսասանիտարիա, մաքսային և այլն, համապատասխանեցնելու գործընթացը Եվրամիության չափանիշներին։ Այս չափանիշները հակասում են մեր երկրում ընդունվածներին և ԵԱՏՄ-ում ընդունվածներին։ Եվ հենց այստեղ է, որ մենք կհանդիպենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա Հայաստանին խորհուրդ է տվել ԵՄ անդամակցությանը դիմելիս՝ հիշել տարբեր երկրների, մասնավորապես Թուրքիայի փորձը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում