Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել միջնորդություններ 6 անձանց՝ այդ թվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո»,- նշել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիուն կոմիտեից տեղեկացրել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։