Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն
2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն oգոստոսի 25-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության ծառայության կազմակերպումն էր։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Գերատեսչությունից նշել են, որ Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ներգրավելով Ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով՝ չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլև իրականացնել նաև շրջիկ ծառայություն։
Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման և անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։ Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։
Նա նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը՝ ընդգծելով Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։
Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ