Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացումը համարում է կայացած և ճիշտ համարում խաղերի անցկացման վայրի ընտրությունը:

«Երկու տարի առաջ, երբ շատ հաջող Համահայկական ամառային խաղեր անցկացրեցինք, որոշեցինք, որ անպայման վերականգնելու ենք ձմեռային խաղերի ավանդույթը: Քննարկում էինք տարբեր քաղաքներ, և հիշում եք` 2022 թվականին, ինչ բարդ իրավիճակ էր նաև այս տարածաշրջանում: Չնայած բոլոր դժվարություններին, մենք որոշում կայացրեցին, որ խաղերն անելու ենք Ջերմուկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` խաղերի բացման պաշտոնական արարողության հաջողությունն ապացուցում է, որ տարիներ առաջ ճիշտ որոշում է կայացվել` Ջերմուկն ընտրել խաղերի անցկացման վայր:

«Համահայկական  խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել: Նաև հետաքրքրությունն էր մեծ այս խաղերի նկատմամբ: Քանի որ յուրաքանչյուր խաղերից հետո մեր հայրենակիցները վերադառնալով պատմում են խաղերի մասին, դա նոր մարդկանց է ներգրավում: Ձմեռային առաջին խաղերի համեմատ մասնակիցների քանակն անհամեմատ շատացել է»,- ասաց նա: 

Հարությունյանն առանձնացրեց, որ Համահայկական խաղերի շրջանակներում հայրենիք ժամանած մարզիկների մի զգալի զանգված առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ են լինում նաև Ջերմուկում: 

«Ջերմուկ գալու նպատակներից մեկը նաև այն էր, որ նրանք տեսնեն, թե Երևանից զատ գեղեցիկ ինչ այլ քաղաքներ ունենք: Վստահ եմ, որ հայաստանցի մասնակիցներից մի մեծ զանգված Ջերմուկում չի եղել: Մեծացնելով Համահայկական խաղերի աշխարհագրությունը՝ մենք փորձում ենք ցույց տալ մեր հայրենակիցներին, թե ինչպիսի հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր ունենք»,- շեշտեց նա: 

Արայիկ Հարությունյանը ներկա կլինի մրցումային առաջին օրվա մրցումներից մի քանիսին:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում