Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով
2 րոպեի ընթերցում
![Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/2XPfquZDi5y6TYLOeQFDIHbgUnPSI6NqEqnlZShB.webp)
Համահայկական ձմեռային խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները հայրենիքից հեռանում են նոր կապեր ստեղծած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սնոուբորդի մրցաշարի հաղթող Ծաղկաձորը ներկայացնող Նորիկ Թադևոսյանը դրական է գնահատում Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարում ծավալված մրցակցությունը:
«Շատ լավ մրցումներ անցկացրինք: Ուրախ եմ, որ Համահայկական խաղերի միջոցով նոր ծանոթություններ հաստատեցինք ու վստահ եմ, որ ապագայում էլի կշփվենք»,-ասաց Նորիկ Թադևոսյանը:
Թեհրանի թիմի սնոուբորդի մրցաշարի մասնակից Արաբո Մանասյանը կարևորում է Համահայկական խաղերի ընթացքում ձևավորված կապերը, որոնք մնում են երկար տարիներ:
«Ես մասնակցել եմ նաև Համահայկան ամառային 8-րդ խաղերին, որոնք կայացան երկու տարի առաջ: Հրաշալի է, որ մեզ հնարավորություն է տրվում համախմբվել աշխարհասփյուռ հայերով»,-ասաց Արաբո Մանասյանը:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։